Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ թվային հարթակի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Ըստ պաշտոնյայի՝ նոր համակարգի ներդրումը նպատակ ունի լուծել պայմանագրերի՝ օրենսդրությանը համապատասխանելու խնդիրը, քանի որ հարթակում նախատեսված են պարտադիր լրացման ենթակա դաշտեր և ուղեցույցներ։ Ժորա Սարգսյանն ընդգծել է, որ համակարգը բացառում է փաստաթղթերը «հետին ամսաթվով» կազմելու հնարավորությունը։

«Այն իրականությունը, որ որոշ դեպքերում ունեցել ենք, երբ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել... այլևս հնարավոր չի լինի նման բան իրականացնել»,- նշել է նա։

Էլեկտրոնային պայմանագրերը հասանելի կլինեն աշխատողներին «Ես եմ» հարթակում անմիջապես ստորագրման պահից։ Բացի այդ, համակարգը հնարավորություն կտա տեսչական մարմիններին վերահսկողության ժամանակ անմիջապես տեսնել կողմերի միջև առկա պայմանագրային փոփոխություններն ու հարաբերությունների ընթացիկ վիճակը։

«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը տեղեկացրել է, որ 2025-ի հոկտեմբերից մեկնարկած կամավորական փուլում արդեն կնքվել է 433 էլեկտրոնային պայմանագիր, իսկ ևս 1525-ը ստեղծվել են համակարգում։ Պաշտոնյաները հավաստիացրել են, որ հարթակն ամբողջությամբ պատրաստ է հունվարի 1-ից սպասվող աշխատանքային հոսքերին։

Հատկանշական է, որ մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը գործատուներին մեկ տարի ժամանակ է տրվել նախկինում թղթային տարբերակով կնքված պայմանագրերը թվային հարթակ տեղափոխելու համար։ Ժորա Սարգսյանը հստակեցրել է, որ սա չի նշանակում նոր աշխատանքային հարաբերությունների սկիզբ։

«Գործող պայմանագիրը տեղափոխվում է թվային հարթակ, որպեսզի մեր ամբողջական տեղեկատվությունն ունենանք միասնական նույն ձևաչափով»,- նշել է Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում