Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 20-ամյա որդուն՝ Ախմատ Կադիրովին, նշանակել է հանրապետության կառավարության փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ միաժամանակ թողնելով նրան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնում։
Կադիրովը այս մասին հայտնել է իր Telegram-ի ալիքում՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես «աննշան կադրային փոփոխություններ»։ Նրա խոսքով՝ նշանակումները կատարվել են Չեչնիայի վարչապետ Մագոմեդ Դաուդովի առաջարկությամբ։
Միաժամանակ նման առաջխաղացում է ստացել նաև Ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը, որը ևս նշանակվել է հանրապետության կառավարության փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ախմատ Կադիրովը սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2024-ից։ Մինչ այդ՝ 2023-ին, նա նշանակվել էր Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարության առաջին տեղակալ։ Իսկ 2022-ին՝ ընդամենը 16 տարեկանում և դեռ դպրոցական լինելով, նա դարձել էր Ռուսաստանի երեխաների և երիտասարդության շարժման Չեչնիայի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար՝ փաստացի ստանձնելով հանրապետությունում երեխաների և երիտասարդական բոլոր կազմակերպությունների ղեկավարումը։ Այդ ժամանակ Ռուսաստանի կրթության նախարարությունը հրապարակայնորեն աջակցել էր նրա նշանակմանը՝ չնայած տարիքին։
Սպորտի նախարար նշանակվելուց հետո Ախմատ Կադիրովը ձևավորել է իր սեփական ղեկավար թիմը։ Նրա տեղակալներ են նշանակվել Ումար Դաուդովը՝ Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովի որդին, և Ախմատ-Հաջի Դելիմխանովը՝ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի եղբոր՝ Ամխադ Դելիմխանովի ավագ որդին։ Այս նշանակումների մասին պաշտոնապես հայտարարել է նախարարությունը։
Որպես նախարար՝ Ախմատ Կադիրովը համակարգում է սպորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը և երիտասարդների հայրենասիրական դաստիարակության ծրագրերը։ Նա պարբերաբար մասնակցում է հանրային միջոցառումների, հանդիպում է դաշնային պատվիրակությունների, ուսանողների և դպրոցականների հետ, ինչպես նաև վերահսկում է Ախմատ-Հաջի Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի ծրագրերը, որը կրում է նրա պապի՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ-Հաջի Կադիրովի անունը։ Տարիների ընթացքում նա՝ որպես հանրապետության ներկայացուցիչ, իրականացրել է նաև արտասահմանյան այցեր՝ այդ թվում Ադրբեջան, Հորդանան և Պարսից ծոցի մի շարք երկրներ։
2023-ին Ախմատ Կադիրովը ամուսնացել է՝ 17 տարեկանում։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չեչնիայում և լայնորեն լուսաբանվել պետական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։ Տոնակատարությունից առաջ նա ստացել է անձնական օրհնություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Նրա կնոջ ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։
Ախմատ Կադիրովը Ռամզան Կադիրովի առաջին երեխան չէ, որը զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը։ Նրա ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան, դեռևս 2020-ին նշանակվել էր Չեչնիայի կառավարության փոխվարչապետ։ Նա ղեկավարում էր սոցիալական քաղաքականության բլոկը՝ ներառյալ մշակույթը, կրթությունը և երիտասարդական քաղաքականությունը։ Դրանից առաջ Այշատ Կադիրովան ղեկավարել էր հանրապետության մշակույթի նախարարությունը։
2025-ի փետրվարին Այշատ Կադիրովան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով, որ որոշել է կենտրոնանալ «ընտանեկան պարտականությունների» վրա և զբաղվել նորաձևության ոլորտի ու բարեգործական նախագծերի հետ կապված բիզնես գործունեությամբ։ Այդ ժամանակ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ դստեր որոշումը կամավոր է եղել և իր հետ համաձայնեցված։ Այշատ Կադիրովան պահպանել է հանրային գործչի կարգավիճակը և շարունակում է մասնակցել Չեչնիայում անցկացվող հանրային և մշակութային միջոցառումներին։
Ավելի վաղ լրագրողական հետաքննությունները և մարդու իրավունքների կազմակերպությունները բազմիցս մատնանշել են, որ Ռամզան Կադիրովի բազմաթիվ ազգականներ զբաղեցնում են պաշտոններ Չեչնիայի պետական կառույցներում, իրավապահ մարմիններում և պետական ընկերություններում։
Լրագրողների հաշվարկներով՝ Կադիրովների ընտանիքի շուրջ 100 անդամներ կապ ունեն հանրապետության ուժային և իշխանական կառույցների հետ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Ռուսաստանի բոլոր պաշտոնյաների շարքում։ Երկրորդ տեղում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի 26 ազգականների ներկայությունը պետական պաշտոններում բացահայտել են լրագրողները։
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Civilnet











