Վենեսուելայում ԱՄՆ գործողությունը դասական իմպերիալիզմ է, ոչ թե Մոնրոյի դոկտրին. Ջոն Միրշայմեր

Ամերիկացի հայտնի քաղաքագետ, ռեալիզմի դպրոցի ներկայացուցիչ Ջոն Միրշայմերի կարծիքով Վենեսուելայում Միացյալ Նահանգների իրականացրած գործողությունը՝ երկրի նախագահի առևանգումը, որևէ առնչություն չունի Մոնրոյի դոկտրինի պաշտպանության հետ և իրականում բացահայտ իմպերիալիզմ է՝ պայմանավորված նավթային շահերով։
Մոնրոյի դոկտրինը ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունք է՝ ձևակերպված 1823-ին, ըստ որի եվրոպական տերությունները չպետք է միջամտեն կամ ռազմական ներկայություն հաստատեն Արևմտյան կիսագնդում։ Փոխարենը Միացյալ Նահանգները պարտավորվում էր չմիջամտել Եվրոպայի ներքին գործերին՝ դոկտրինը ներկայացնելով որպես փոխադարձ չմիջամտության սկզբունք։
Financial Wise ալիքին տված հարցազրույցում Միրշայմերը մերժում է այն միտքը, թե Վենեսուելան որևէ ռազմավարական սպառնալիք է Միացյալ Նահանգների կամ Արևմտյան կիսագնդում նրա ավանդական ազդեցության գոտու համար։
«Այս պահին որևէ հեռավոր մեծ տերության կողմից Արևմտյան կիսագունդ ներթափանցելու վտանգ չկա։ Սա իմպերիալիզմի դասական դեպք է»։
Պատասխանելով այն պնդմանը, թե Վաշինգտոնը պարզապես պաշտպանում է իր ազդեցության գոտին, Միրշայմերը շեշտում է, որ Մոնրոյի դոկտրինը նեղ սահմանում ունի և հաճախ սխալ է մեկնաբանվում։ Նրա խոսքով՝ դոկտրինը վերաբերում է Ամերիկայում հեռավոր մեծ տերությունների կողմից ռազմական դաշինքների ձևավորման կամ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման կանխմանը, այլ ոչ թե տնտեսական հարաբերություններին կամ քաղաքական կողմնորոշումներին։
«Մոնրոյի դոկտրինը ամբողջությամբ վերաբերում է նրան, որ մեծ տերությունները չձևավորեն ռազմական դաշինքներ Արևմտյան կիսագնդում և այնտեղ չտեղակայեն ռազմական ուժեր։ Դա լիովին խելամիտ մոտեցում է»։
Սակայն, ըստ Միրշայմերի, Վենեսուելայում այսօր նման սցենար գոյություն չունի։ «Վենեսուելայից Արևմտյան կիսագնդում որևէ նշանակալի սպառնալիք չկա, և սա որևէ կապ չունի Մոնրոյի դոկտրինի հետ։ Թրամփին պարզապես դուր չի գալիս այն փաստը, որ Վենեսուելան ընդդիմանում է իրեն։ Ավելին՝ նա ուզում է Վենեսուելայի նավթը»։
Ռուսաստան, Չինաստան և Իրան. casus belli չկա
ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս մատնանշել են Կարակասի կապերը Վաշինգտոնի հակառակորդների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ՝ որպես միջամտության արդարացում։ Միրշայմերը այդ փաստարկը որակում է մոլորեցնող։
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում գաղտնի գործարքներ։ Վենեսուելացիները լավ հարաբերություններ ունեն ռուսների և չինացիների հետ, և այդ երկրների միջև կա տնտեսական համագործակցություն»։
Միրշայմերն ընդունում է, որ Չինաստանը Վենեսուելայից նավթ է ներմուծում, սակայն ընդգծում է, որ դա չի խախտում ԱՄՆ որևէ կարմիր գիծ. «Չկա որևէ կասկած, որ չինացիները Վենեսուելայից նավթ են ստանում, բայց դա հակասության մեջ չէ Մոնրոյի դոկտրինի հետ»։
Միաժամանակ, Միրշայմերը նշում է, որ ռազմական դաշինքը բոլորովին այլ հարց կլիներ. «Եթե որևէ ցուցում լիներ, որ Վենեսուելան շարժվում է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ ռազմական դաշինք կազմելու ուղղությամբ, մենք կխփեինք նրանց ամբողջ ուժով, և դա արդարացված կլիներ»։
Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենում. «Մենք պարզապես ուզում ենք նրանց նավթը»։
Ռազմավարական գերծանրաբեռնվածություն և «խելագարություն»
Միրշայմերը Վենեսուելայի հարցը տեղադրում է նաև ԱՄՆ գլոբալ առաջնահերթությունների լայն համատեքստում՝ մատնանշելով աճող ռազմավարական ճնշումները Եվրոպայում, Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում և Արկտիկայում, որտեղ թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը ակտիվանում են։
«Միացյալ Նահանգները ռազմավարական լուրջ շահեր ունի՝ կենսական շահեր՝ Եվրոպայում, Արևելյան Ասիայում՝ Չինաստանի հետ կապված, Մերձավոր Արևելքում և այս պահին նույնիսկ Արկտիկայում»,- ասում է նա՝ հարցականի տակ դնելով Լատինական Ամերիկայում միջամտություն անելու կամ «պետություն կառուցելու» տրամաբանությունը։
«Իմաստ ունի՞ այս պահին Լատինական Ամերիկայում զբաղվել պետություն կառուցելով, երբ փորձում եք գործ ունենալ Ռուսաստանի հետ, փորձում եք գործ ունենալ Չինաստանի հետ, մտահոգված եք Արկտիկայում տեղի ունեցող զարգացումներով և կրկին խոսում եք Իրանի դեմ պատերազմի մասին»։
«Պարզապես նայեք այն կարևոր խնդիրների ցանկին, որոնցով զբաղվում ենք,- ասում է Միրշայմերը։- Հետո ինքներդ ձեզ հարց տվեք՝ իմաստ ունի՞ պատերազմ սկսել Վենեսուելայի դեմ։ Իմ կարծիքով՝ սա խելագարություն է»։
Ժաննա Ավագյան
Civilnet










