Կարո՞ղ է մի բան կա՝ մեզ չեք ասում․ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին

Հունվարի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առողջության ապահովագրության համակարգի խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռեպորտաժներից մեկում ներկայացվել է, թե համակարգը փլուզված է։
«Ես էլ այդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել և այլևս գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, և մենք այնպիսի կատաստրոֆայի առաջ ենք կանգնած, որ COVID-ի համավարակը, հազար ներողություն, ղալաթ է արել։ Ես, ճիշտն ասած, վախից անջատեցի հեռուստացույցը և հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները․ կարո՞ղ է մի բան կա՝ մեզ չեք ասում, մենք տեղյակ չենք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արձագանքելով վարչապետի հարցին, նշեց, որ ռեպորտաժներում ներկայացվածը միշտ չէ, որ արտացոլում է ամբողջական իրականությունը։ Նա օրինակ բերեց սրտի ռիթմավարի տեղադրման մի վիրահատություն, որը, ըստ Ավանեսյանի, դարձել է հասանելի, և քաղաքացին արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերականգնված առողջությամբ։ Նախարարը շեշտեց, որ նախկինում՝ մինչև դեկտեմբերի 31-ը, նման ծառայություններից օգտվելը քաղաքացիների համար կարող էր լուրջ խնդիր լինել։
Վարչապետի հարցին, թե 10 բալանոց համակարգով ինչպես կգնահատի խնդրի կատարման մակարդակը, նախարարը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ մենք վեց ու վեցուկեսի վրա ենք։ Եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկ կիրառման արդյունքում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ առկա խնդիրները բաժանվել են մի քանի կատեգորիաների։ Առաջնայինը տեղեկատվական բացն է, ինչի պատճառով թե՛ պացիենտները, թե՛ բուժաշխատողները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն։ Նախարարը հավելեց, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի էլեկտրոնային նոր համակարգը դառնա բուժաշխատողների աշխատանքի անբաժանելի մասը։
Բացի այդ, ըստ Ավանեսյանի, բջջային հավելվածից օգտվելու ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչները դժվարություններ են ունենում։ Նրա խոսքով՝ այսուհետ կգործի ձայնային հուշումների համակարգ, որը կօգնի քաղաքացիներին ճիշտ կատարել նույնականացման համար անհրաժեշտ գործողությունները։
Վերջում նա նշեց, որ այսօրվա դրությամբ համակարգն արդեն ունի 16,000-ից ավելի ապահովագրությամբ սպասարկված այց։
Կառավարության հունվարի 8-ի նիստին նաև հաստատվեց առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը։
Գևորգ Թոսունյան
Թեմա
Civilnet










