Առողջապահական պարտադիր ապահովագրության ներդրումից հետո մասնավոր ապահովագրական փաթեթներ ունեցող քաղաքացիները կանցնեն պետական միասնական համակարգի, սակայն կկարողանան պահպանել իրենց մասնավոր ապահովագրությունը՝ որպես հավելյալ ծառայություն։ Սիվիլնեթի հետ զրույցում պարզաբանել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգում կան ծառայություններ, որոնք ներառված չեն պետական փաթեթում և մասնավոր ապահովագրական ընկերությունների դերը շատ կարևոր է:
«Դիտարկելով նաև այլ երկրների փորձը, որից որ շատ բաներ վերցրել ենք, հենց այսպես են գործում: Կա բազային ապահովագրական պետական փաթեթ, և գումարած մասնավոր փաթեթներ։ Մենք աշխատում ենք մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ և առաջիկայում էլ կունենանք հանդիպումներ արդեն ավելի գործառնական հարցերի հետ կապված»,- ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ նպատակն այն է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր լրացուցիչ փաթեթ ունեցող քաղաքացին ստիպված չլինի տարբեր տեղեր դիմել։ Ստեղծվելու է համագործակցության այնպիսի դաշտ, որպեսզի մարդը սպասարկվի «մեկ պատուհանի» սկզբունքով և շփվի միայն մեկ ներկայացուցչի հետ։
Հարցին, թե արդյոք պետական և մասնավոր ապահովագրությունից միաժամանակ օգտվելը չի ծանրացնի քաղաքացու ֆինանսական բեռը, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է, որ պետական փաթեթի առաջարկած տարեկան 129,600 դրամ սակագինը և ծառայությունների ծավալը շուկայականից ցածր են։
Նախարարի պնդմամբ՝ ազատ շուկայում մասնավոր ընկերությունները չեն կարող նման արժեքով ամբողջական փաթեթ տրամադրել, քանի որ նրանք գործ ունեն փոքր խմբերի հետ, ինչն ավելացնում է մեկ անձի ապահովագրության ծախսը։
Ավանեսյանը հավելել է, որ պետությունը երաշխավորում է բազային անհրաժեշտ ծառայությունները որպես հանրային բարիք, իսկ մասնավոր փաթեթները կլինեն կամավոր՝ հավելյալ հարմարավետության համար։
Civilnet











