Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի նախկին տնօրենը հերքում է հավելագրումների և «համակարգված կոռուպցիայի» մեղադրանքները

ՀԷՑ-ի նախկին տնօրենը հերքում է հավելագրումների և «համակարգված կոռուպցիայի» մեղադրանքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում կիրառված հաշվառման համակարգերը տեխնիկապես թույլ չեն տալիս էլեկտրաէներգիայի սպառման հավելագրումներ կամ տվյալների կորստի հնարավորություն, իսկ վերջին շրջանում հնչող մեղադրանքների իրական թիրախը, նրա խոսքով, ընկերության սեփականատերն է՝ Սամվել Կարապետյանը։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ընկերության նախկին ղեկավարներին մեղադրել էր հավելագրումների մեջ։

Հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ Ղազինյանն ասաց, որ ՀԷՑ-ում ներդրված ASKOE (Automated System for Commercial Electricity Accounting) համակարգը մեծ մասամբ բացառում է մարդկային գործոնը, քանի որ հաշվիչները տվյալները փոխանցում են ավտոմատ կերպով։ Նրա խոսքով՝ եթե անգամ բազայում փորձ արվի փոխել ցուցանիշները, ապա անհամապատասխանությունը հնարավոր չէ չնկատել։

«Եթե հավելագրում է եղել բազայում, հաշվիչը կամ պետք է հանվի, կամ կորի, կամ ուղարկվի լաբորատորիա, որը պետական է, և այնտեղ այդ միջամտությունը կֆիքսվի։ Այլ ճանապարհ այդ թվի «կորելու» պարզապես չկա»,- ասաց նա։

Ղազինյանի խոսքով՝ առանց փաստերի արվող հրապարակային հայտարարությունները չեն դիմանում քննադատության։ Նա կասկած հայտնեց նաև այն պնդումների վերաբերյալ, թե կան փաստեր, որոնք դեռ չեն փոխանցվել իրավապահ մարմիններին։ «Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ ձեռքի տակ ունի փաստեր, դրանք վաղուց պետք է իրավապահների մոտ լինեն։ Եվ իմ համոզմամբ՝ այնտեղ էլ ասել են, որ այստեղ այն նպատակը, որին փորձում են հասնել, պարզապես գոյություն չունի»,- նշեց նա։

Նախկին տնօրենը շեշտեց, որ ՀԷՑ-ում «համակարգված կոռուպցիա» չի գործել։ «Որպեսզի հնարավոր լինի վերև հասնել, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Ես այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել եմ և ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ նման համակարգվածություն չի եղել»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ առանձին խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ ողջ կառավարման համակարգը կամ սեփականատիրոջը մեղադրելու համար։

Անդրադառնալով Վարդաշենի ենթակայանի հրդեհների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին՝ Ղազինյանը նշեց, որ դրանք պայմանավորված էին անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների բացակայությամբ։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին միլիոնավոր դոլարներ են ներդրվել տեղական արտադրություն ստեղծելու համար՝ ներառյալ ենթակայանների բջիջների, տրանսֆորմատորների և մալուխների արտադրությունը։

«Մենք արդեն սկսել էինք արտահանում հարևան երկրներ։ Յուրաքանչյուր նորմալ պետությունում սեփական արտադրությունը խթանվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակում անհրաժեշտ սարքավորումները հնարավոր էր արագ ձեռք բերել միայն «Տաշիր» խմբի հետ կապ ունեցող ընկերություններից, որպեսզի խուսափեն երկարատև հոսանքազրկումից։

Գների վերաբերյալ քննադատություններին անդրադառնալով՝ Ղազինյանը նշեց, որ շուկայում գոյություն ունեն տարբեր որակի և արժեքի ապրանքներ։ «Թանկն ու էժանը կա ամեն ինչի մեջ։ Կարևոր է՝ ինչ ես բերում, ինչ պարամետրեր ունի և ինչ երաշխիք է տրվում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միայն գնի տարբերությունը ինքնին չի կարող համարվել խախտման ապացույց։

Վարկերի և սակագների թեմայով նախկին տնօրենը կտրուկ քննադատեց իշխանությունների հայտարարությունները՝ պնդելով, որ ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների տոկոսները որևէ կերպ չեն ներառվում սակագնի մեջ։ «Կա երկու տարբերակ՝ կամ երկրի ղեկավարը գիտի և մոլորեցնում է ժողովրդին, կամ իրեն զեկուցող մարդիկ են նրան մոլորեցրել։ Եթե այդ մարդիկ չեն ազատվում աշխատանքից, նշանակում է՝ ժողովրդին ուղղակի խաբում են»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում