Գլխավոր Լրահոս

Փահլավին իրանցիներին կոչ է արել գրավել քաղաքների կենտրոնները

Փահլավին իրանցիներին կոչ է արել գրավել քաղաքների կենտրոնները

1979-ին տապալված Իրանի շահի որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանի ցուցարարներին կոչ է արել շարունակել փողոցային ցույցերը ևս երկու գիշեր և գրավել քաղաքների կենտրոնները։

X-ի իր էջում նա նաև էներգետիկայի և տրանսպորտի աշխատողներին կոչ է արել սկսել գործադուլներ ողջ երկրով մեկ:

Իրանում ինտերնետ կապն անջատված է, ըստ Iran International կայքի հրապարակումների, երկրում շարունակվում են բողոքի ցույցերը։

Փահլավին, որն ապրում է Միացյալ Նահանգներում, X-ում իր գրառման մեջ ասել է․ «Համոզված եմ, որ, մեր փողոցային ներկայությունն ավելի նպատակային դարձնելով և միաժամանակ ֆինանսական կենսագծերը կտրելով, ամբողջությամբ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությունը և նրա մաշված ու փխրուն ճնշման մեքենան»:

Նա նշել է, որ իրենց նպատակն է պատրաստվել քաղաքների կենտրոնները գրավելուն և պահելուն՝  կոչ անելով մարդկանց «հավաքել անհրաժեշտ պաշարները»:

Ուղերձի վերջում Փահլավին նշել է, որ պատրաստվում է վերադառնալ երկիր, որպեսզի «ազգային հեղափոխության հաղթանակի» պահին լինի իրանցիների կողքին։

***

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025-ի դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում։ Սկզբնական շրջանում ցուցարարները բողոքում էին Իրանի ազգային արժույթի՝ ռիալի գահավիժումից և գների թանկացումից, որից հետո կոչերը փոխվեցին նաև հակակառավարականի՝ տարածվելով Իրանի նահանգների մեծ մասում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կառավարությանը միջամտությամբ է սպառնացել, եթե նրանք ըստ Թրամփի՝ կրակ բացեն ցուցարարների ուղղությամբ։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հունվարի 9-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընկրկի անհնազանդությունների առաջ։

Նա ցույցերի մասին խոսելիս մեղադրել է «օտար ուժերի հովանավորությունը» վայելողներին՝ Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ։ Նա այդ համատեքստում թիրախավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ ցուցարարների գործողությունները համարել որպես վերջինիս հաճոյանալու փորձ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում