Գլխավոր Լրահոս

Ավինյանը դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից

Ավինյանը դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներից։ Դեկտեմբերի 12-ի գործակարգավարական նիստի ժամանակ նա մեղադրել է պատասխանատուներին ձնամաքրման գործընթացում թերանալու և տնտեսվարողների նկատմամբ պատշաճ վարչարարություն չիրականացնելու մեջ:

Քաղաքապետը հայտարարել է, որ վարչական շրջանները բավարար ջանքեր չեն գործադրել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին իրազեկելու հարցում, ինչի հետևանքով քաղաքի բազմաթիվ հատվածներ չեն մաքրվել։ Ըստ Ավինյանի՝ մի շարք վարչական շրջաններում ձնամաքրման պարտավորությունները չկատարելու համար որևէ տուգանք չի սահմանվել, ինչն անընդունելի է։

«Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ... Մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որևէ վարչական տուգանք չեն գրել այս շրջանում։ Դրանք չորս-հինգն են, և դրան բացատրություն չկա»,- հայտարարել է Ավինյանը։

Քաղաքապետը անձնական փորձառությունից մի դրվագ մեջբերեց՝ ընդգծելով իրազեկվածության ցածր մակարդակը։ 

«Կիևյան փողոցում խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը և ինձ ասում է՝ «ինձ սրա համար փող պետք է տաք»։ Այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել»,- նշեց Ավինյանը։

Ավինյանը շեշտեց, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ հասարակական տարածքներ և բիզնես օբյեկտներ ունեցող տնտեսվարողները, ինչպես նաև համատիրությունները, պարտավոր են մասնակցել ձնամաքրմանը։ Նա քննադատել է վարչական շրջանների աշխատակիցներին տոների ընթացքում ոչ պատշաճ աշխատանքի համար՝ նշելով, որ դեկտեմբերի վերջին տրվել էր 24/7 ռեժիմով աշխատելու հանձնարարական։

Բացի այդ, քաղաքապետը հղում արեց վիճակագրությանը, որոնք վկայում են վարչական շրջանների ապարատի անարդյունավետության մասին։ Նրա խոսքով՝ շուրջ 300 աշխատակիցների կողմից արձանագրված իրավախախտումների թիվը «խայտառակ» փոքր է՝ համեմատած այլ տեսչական մարմինների հետ։

«Լավամարդ դուրս գալը լավ բան չի։ Այդ վարչական տուգանքը նրա համար է, որ այդ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է... Ինքը պարտավոր է ավագանու որոշումը կատարել»,- հավելեց նա։

Ավինյանը հանձնարարեց գույքագրել լրացուցիչ ունիվերսալ տեխնիկայի կարիքը, որը կսպասարկի վարչական շրջանները թե՛ ձնամաքրման, թե՛ սանիտարական մաքրման աշխատանքների ժամանակ։

***

Դեկտեմբերի 29-ի գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կանխատեսվող ձյան պատճառով պատասխանատու ստորաբաժանումները հանգստի ժամանակ չեն ունենալու։ Քաղաքապետը հանձնարարել էր պլանավորել լրացուցիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ձյան շերտի ավելացումը և սառցակալումը մայրաքաղաքի բոլոր հատվածներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում