Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 11-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերը ժողովրդի օրինական իրավունքն են, սակայն քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ «բռնի անկարգություններ իրականացնողներից», որոնք, ըստ նրա, պատրաստվել են Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից երկրում անկայունություն հրահրելու նպատակով։
Trsnim-ի փոխանցմամբ՝ հեռուստատեսային հարցազրույցում նախագահն ընդգծել է, որ իր վարչակազմը հանձնառու է լուծել տնտեսական խնդիրները և ապահովել սուբսիդիաների արդար բաշխում՝ անկախ քաղաքացիների սեռից, ռասայից կամ էթնիկ պատկանելությունից։ Նա նշել է, որ կառավարությունը լսել է բողոքող գործարարների ձայնը և նրանց ներգրավել ամենօրյա քննարկումներում՝ առկա մտահոգությունները փարատելու համար։
Փեզեշքիանը հայտարարել է, որ թշնամին, ձախողվելով 2025-ի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ, այժմ փորձում է օգտագործել տնտեսական բարդությունները իրավիճակը սրելու համար։
Նա մեղադրել է դրսից ուղարկված ահաբեկչական տարրերին մզկիթների հրկիզման, սրբապղծությունների և մարդկանց սպանությունների մեջ՝ շեշտելով, որ այդ հանցագործները սովորական իրանցիներ չեն։ Իրանի նախագահը կոչ է արել բնակչությանը հունվարի 12-ին մասնակցել պետությանն աջակցող հանրահավաքների և հորդորել է անվտանգության ուժերին վճռականորեն գործել այն անձանց դեմ, ովքեր զինված հարձակումներ ու հրկիզումներ են իրականացնում։
Civilnet











