Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» բողոք կներկայացնի BBC-ի կարգավորող մարմնին՝ 2024-ի ձմռանը Թբիլիսիում հակակաիշխանական ցույցերի ճնշման մասին վավերագրական ֆիլմի պատճառով։ Կուսակցությունը չի բացառել նաև «այլ մարմիններին» դիմելու հնարավորությունը։
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրացական իշխանությունները բազմիցս դատապարտել են BBC-ին, երբ հեռուստաընկերությունը հրապարակել էր ֆիլմ, ըստ որի՝ վրաց ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ կամիթ։
Իշխանությունները հեռուստաընկերությանը մեղադրել են ապատեղեկատվություն տարածելու մեջ, մինչդեռ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իր նախնական քննության արդյունքում որևէ ապացույց չի հայտնաբերվել այն մասին, թե պետությունը որևէ փուլում ձեռք է բերել «կամիթ»։
«Առաջիկա օրերին մենք մեր բողոքը կներկայացնենք BBC-ի ներքին կարգավորող մարմնին»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել նաև Մեծ Բրիտանիայի կապի հարցերի գրասենյակին (OFCOM) և, «անհրաժեշտության դեպքում», դատական հայց ներկայացնել։ Սակայն Պապուաշվիլին նշել է, որ ընթացակարգի համաձայն առաջին քայլը պետք է լինի հեռարձակողի ներքին կարգավորող մարմնին դիմելը։
«Մենք հույս ունենք, որ այս մակարդակում BBC-ն կընդունի, որ նյութը կեղծված և մանիպուլյատիվ է։ Հակառակ դեպքում մենք կդիմենք նաև այլ մարմինների»,- հավելել է նա՝ ըստ Formula TV-ի։
Չնայած իշխանությունների մշտական հերքումներին՝ քննադատները շարունակում են պահանջել ճնշումների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննություն։
Վավերագրական ֆիլմը դատապարտելուն զուգահեռ՝ վրաց իշխանությունները պահանջներ են ներկայացրել նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր կարծիքով Մեծ Բրիտանիան պետք է ներողություն խնդրի այդ նյութի համար, քանի որ BBC-ն հանրային հեռարձակող է և «ուղղակիորեն ֆինանսավորվում է հանրային միջոցներով»։ Ի պատասխան՝ Բրիտանիայի դեսպանատունը RFE/RL-ի վրացական ծառայությանը հայտնել է, որ BBC-ն անկախ է Մեծ Բրիտանիայի կառավարությունից՝ ինչպես գործունեության, այնպես էլ խմբագրական քաղաքականության առումով։
Իր հերթին BBC-ն հայտարարել է, որ վավերագրական ֆիլմը հիմնված է երկրի ներսից և դրսից ստացված բազմաթիվ աղբյուրների ապացույցների վրա և հստակորեն ծառայում է հանրային շահին։
Civilnet











