Իրանում բողոքի ցույցերի և բռնությունների սրման ֆոնին հայկական կողմն անցած ուրբաթ օրվանից տեղեկություն չունի այնտեղ գտնվող հայրենակիցների վիճակի մասին և չի կարողանում կապ հաստատել նրանց հետ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ տեղեկատվական այս դադարը խիստ անհանգստացնող է։
Սինանյանի խոսքով՝ այսօրվանից կսկսեն Մեղրիում Իրանի սահմանն անցնողներից տեղեկություններ ստանալ։
«Ես համոզված եմ, որ հիմա բնականոն հոսք կլինի սահմանին, և կփորձենք որոշակի հարցախույզ անցկացնել, որպեսզի իմանանք ինչ է կատարվում Իրանում։ Այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում»,- ասաց Սինանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին դեռևս բավարար տվյալներ չկան տարհանման մասին խոսելու համար։
Անդրադառնալով Իրան մասնագիտական խումբ ուղարկելու հավանականությանը՝ հանձնակատարը նշեց, որ ներկա պայմաններում դա իրատեսական չէ, քանի որ անորոշ իրավիճակում անվտանգային մարմինները դեմ կլինեն նման քայլին։
Ըստ Սինանյանի՝ նախ պետք է հասկանալ տեղում տիրող պատկերը, հատկապես հայաշատ քաղաքներում, որպեսզի հնարավոր լինի կողմնորոշվել հաջորդ անելիքների հարցում։
Իրանում 2025-ի դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, որոնց սկզբնական պատճառը եղել են արժույթի փոխարժեքի տատանումներն ու գների կտրուկ բարձրացումը։ Ազգային արժույթի փլուզմամբ պայմանավորված անկարգությունները արագ վերածվել են վարչակարգի դեմ համազգային ցույցերի և վերջին երկու շաբաթվա ընթացքում գնալով թափ են հավաքում։
Civilnet











