Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի դատախազությանը։
Առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող Ղարիբաշվիլին, որպես լրացուցիչ պատիժ, պետք է վճարի 1 մլն լարի (մոտ 370 հազար դոլար) տուգանք։ Բացի այդ, հօգուտ պետության կբռնագանձվի այն դրամական գումարը, որը «ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում և առգրավվել նրա բնակարանի խուզարկության ժամանակ»։
«Իրակլի Ղարիբաշվիլին ընդունում է կատարած հանցանքը և համաձայնում դատավարական համաձայնության պայմաններին։ Դատախազության միջնորդությունը դատավարական համաձայնության վերաբերյալ դատարանն արդեն բավարարել է»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Քանի որ Ղարիբաշվիլին ընդունել է մեղքը և գնացել գործարքի, նրա պատիժը մեղմացվել է. հակառակ դեպքում նրան սպառնում էր 9-ից 12 տարվա ազատազրկում։
Փաստաբանի փոխանցմամբ՝ նախկին վարչապետն արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Civilnet











