ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները Բաքվում քննարկել են TRIPP երթուղու զարգացումն ու երկկողմ ռազմավարական գործընկերության հեռանկարները։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ու ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) պատվիրակությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն անդրադարձել են էներգետիկայի, առևտրի և տարածաշրջանային կապերի ոլորտներում համագործակցության ներկա վիճակին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների ծանոթացումն Ադրբեջանի ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններին։ Հատուկ ընդգծվել է, որ երկկողմ շփումներն ակտիվացել են անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո՝ «Ռազմավարական գործընկերության խարտիայի» նախապատրաստման շրջանակներում։
Բանակցությունների առանցքում են եղել նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումն ու «Միջին միջանցքի» (Middle Corridor) երթուղիների դիվերսիֆիկացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ներդրումների համար առկա բարենպաստ պայմանների և նոր տնտեսական կապերի հաստատման հնարավորությունների շուրջ։
Civilnet











