Իրանում հեղափոխության համար անհրաժեշտ բոլոր պայմանները ձևավորված են։ Այդպես են կարծում Ջեք Գոլդսթոունը (հեղափոխությունների ամենահեղինակավոր տեսաբաններից մեկը) և Քարիմ Սաջադպուրը (իրանագիտության առաջատար մասնագետ)։
Ամերիկացի սոցիոլոգ Ջեք Գոլդսթոունը՝ George Mason համալսարանից, համարվում է ժամանակակից ակադեմիական հեղափոխությունների տեսության ամենաակնառու ներկայացուցիչը։ 1990-ականներին և 2000-ականներին հրապարակած մի շարք աշխատություններում նա առանձնացրել է հինգ պայման, որոնց առկայության դեպքում երկրում հեղափոխությունը կարող է հաջողել։ The Atlantic-ում հրապարակված հոդվածում, որը Գոլդսթոունը գրել է Քարիմ Սաջադպուրի հետ՝ Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամից, նշվում է, որ Իրանում այդ հինգ պայմաններն այսօր գրեթե ամբողջությամբ առկա են։ Meduza-ն ներկայացրել է հոդվածի կարճ տարբերակը։
Ֆիսկալ ճգնաժամ. պարզ ասած՝ պետությունը գումար չունի
Ֆինանսական ճգնաժամը Իրանում ընթացող բողոքի ներկայիս ալիքի անմիջական պատճառներից է։ Ազգային արժույթի փոխարժեքը մի քանի տարի շարունակ ազատ անկման մեջ է (2018-ին դոլարի գինը հաշվվում էր տասնյակ հազարավոր ռիալներով, իսկ այժմ՝ միլիոններով), իսկ տարեկան գնաճը կազմում է 50–70%։ Եթե գնաճը հիմնականում հարվածում է բնակչության ամենաաղքատ շերտերին, ապա ռիալի փլուզումը ծանր ազդեցություն է թողնում ավելի ապահով խավերի վրա, այդ թվում՝ ավանդաբար ազդեցիկ խոշոր բազարների վաճառականների։ Մի կողմից՝ արժույթի փոխարժեքը ազդում է ներմուծվող ապրանքների գների վրա, մյուս կողմից՝ արտարժույթ (հատկապես դոլար) գնելը սակավաթիվ եղանակներից է, որով հնարավոր է թեկուզ ինչ-որ խնայողություն ձևավորել։
Իրանը՝ շուրջ 90 միլիոն բնակչությամբ, արդեն տասնամյակներ շարունակ մեկուսացված է գլոբալ ֆինանսական համակարգից։ Գնաճից բացի, երկիրը քայքայվում է քրոնիկ կոռուպցիայից, անարդյունավետ կառավարման համակարգից և ուղեղների զանգվածային արտահոսքից։ Երիտասարդները բախվում են գործազրկությանն ու մասնագիտությանը չհամապատասխանող զբաղվածությանը, տարեցները՝ կենսաթոշակային հիմնադրամների փաստացի սնանկացմանը։ Էլեկտրաէներգիայի անջատումները և ջրի նորմավորումը դարձել են առօրյա կյանքի անբաժան մաս։
Էլիտայի պառակտում
1979-ին Իսլամական Հանրապետության հիմքում կանգնած կոալիցիան 2026-ին, ըստ էության, վերածվել է «մեկ մարդու կուսակցության»՝ այաթոլլա Ալի Խամենեիի շուրջ։ Վարչակարգի հիմնադիր հայրերից մեկը և նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին արդեն 15-րդ տարին տնային կալանքի տակ է։ Նախկին բոլոր նախագահները կամ մեկուսացված են, կամ մարգինալացված․ Մոհամմադ Խաթամիի անունը փաստացի արգելված է անգամ լրատվամիջոցներում հիշատակել, Մահմուդ Ահմադինեժադը հսկողության տակ է, իսկ Հասան Ռոհանիին արգելվել է առաջադրվել Փորձագետների ժողովում՝ այն մարմնում, որն ընտրում է գերագույն առաջնորդին։
Տասնամյակների ընթացքում ռեժիմը քայքայվել է բացասական ընտրության հետևանքով․ լոյալությունն ու գաղափարական «ճիշտ» լինելը գնահատվել են ավելի բարձր, քան կոմպետենտությունը։ Արդյունքում պետությունը օտարել է այն մասնագետներին և տեխնոկրատներին, որոնք նախկինում ապահովում էին կառավարման ապարատի աշխատանքը։ Մնացել են միայն հոգևորականությունը, որը մարդկանց նյարդայնացնում է կյանքի բոլոր ոլորտներում մշտական միջամտությամբ, և նրանց հաճոյացողները։
The Atlantic-ում հրապարակված հոդվածի հեղինակները ներկայիս Իրանը համեմատում են 1980-ականների Խորհրդային Միության հետ․ ռեժիմը կորցրել է հավատը սեփական ուժերի հանդեպ։ Միայն ինսայդերների փոքր մասն է շարունակում մնալ գաղափարական կողմնակից, մինչդեռ մեծամասնությանը շարժում է հարստության և արտոնությունների ձգտումը։ Իրանցի մի քաղաքագետ սա ձևակերպել է հետևյալ կերպ՝ հեղափոխության սկզբում ռեժիմի կազմը 80% գաղափարականներից և 20% արկածախնդիրներից էր, իսկ այսօր հարաբերակցությունը հակառակն է։
1979-ին առանձնահատուկ դեր ունեին բազարի առևտրականները․ նրանք հեղափոխության տնտեսական հենարանն էին։ Սակայն ժամանակի ընթացքում ռեժիմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերածեց ռազմաարդյունաբերական համալիրի և հսկայական ստվերային եկամուտների աղբյուրի։ Սա խաթարեց ռեժիմի գաղափարական միասնությունը և դուրս մղեց ավանդական առևտրական դասին՝ բազարը իշխանության հենարանից դարձնելով դժգոհության օջախ։
Առայժմ միասնական է մնացել էլիտայի միայն մեկ շերտը՝ ուժային կառույցները։ Հենց նրանց համախմբվածությունն է մինչ այժմ կանխել ռեժիմի փլուզումը։ ԻՀՊԿ-ի որևէ բարձրաստիճան հրամանատար չի դասալքել և հրապարակավ չի քննադատել Խամենեիին։ Այս մարդկանց համար իշխանության կորուստը նշանակում է հարստության, հնարավոր է՝ նաև կյանքի կորուստ։ Սակայն եթե նրանք անցնեն ցուցարարների կողմը, ռեժիմը կփլուզվի ակնթարթորեն։
Լայն և բազմազան ընդդիմադիր կոալիցիա
Վերջին տասը տարիներին բողոքները համախմբել են սոցիալական գրեթե բոլոր խմբերին՝ էթնիկ փոքրամասնություններին, աշխատավորներին, կանանց, առևտրականներին, ծայրամասերի բնակիչներին։ Նրանք հազվադեպ են գործել սինխրոն, սակայն դժգոհության պատճառները մեծապես ընդհանուր են։ Բարոյական գերազանցության հավակնող թեոկրատիան հատկապես խոցելի է կոռուպցիայի և կեղծավորության բացահայտումների առաջ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները վերահսկում են հիջաբ կրելու խիստ պահանջի կատարումը, այն դեպքում, երբ արտոնյալ ընտանիքների կանայք արտերկրում ազատ հայտնվում են առանց հիջաբի։ Երկիրը տառապում է ջրի պակասից, և շատերը համոզված են, որ ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող «ջրային մաֆիան» ռեսուրսները ուղղում է սեփական նախագծերին՝ ամբողջ գյուղեր թողնելով առանց ջրի։ Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները արևմտյան երկրներում ցուցադրում են շքեղ կյանք։ Յասուջ քաղաքում ցուցարարները վանկարկել են․ «Նրանց երեխաները Կանադայում են, մերը՝ բանտում»։
Սակայն ընդդիմության հաղթանակի համար միայն փողոցային համախմբումը բավարար չէ․ անհրաժեշտ է իր կողմը գրավել նաև դժգոհ էլիտաներին՝ առաջարկելով անվտանգ ելք և երաշխիքներ «հաջորդ օրվա» համար։ Առայժմ դա տեղի չի ունեցել, և հենց այս բաղադրիչն է հեղափոխական բանաձևի ամենաթույլ օղակը։
Միավորող համոզիչ պատմույթ
Իրանում այն ձևավորվում է կոշտ ազգայնականության հիման վրա, որը դուրս է մղում ռեժիմի պանիսլամիստական հեղափոխական գաղափարախոսությունը։ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» հին կարգախոսները լիովին վարկաբեկված են։ Աճող հաճախականությամբ հնչում է «Ոչ Գազայի համար, ոչ Լիբանանի… իմ կյանքը Իրանի համար է» կարգախոսը։ Ենթատեքստն այն է, որ Գազայում (ՀԱՄԱՍ) և Լիբանանում (Հեզբոլլահ) պրոքսի ուժերին աջակցելու փոխարեն պետք է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։
1979-ից հետո մեծացած երիտասարդ սերունդը պահանջում է նախևառաջ «նորմալ կյանք»՝ առանց արտաքին տեսքի, անձնական կյանքի և մասնավոր որոշումների նկատմամբ համատարած վերահսկողության։ Ընդդիմությունը ռեժիմը ներկայացնում է որպես օկուպացիոն ուժ, որը թալանում է երկիրը՝ հանուն արտասահմանյան արկածախնդրությունների։
Առաջնորդության հարցը մնում է բաց։ Շատ ցուցարարներ համախմբվել են շահզադե (ժառանգական արքայազն) Ռեզա Փահլավիի շուրջ, որը 1979-ից ապրում է աքսորում։ Պատմությունը գիտի աքսորից եկած հաջող հեղափոխական առաջնորդների օրինակներ՝ Լենինից մինչև Խոմեյնի։ Սակայն Փահլավին առայժմ երկրում իրական կազմակերպչական հենարան չունի, իսկ նրա կողմնակիցները տարակուսում են սահմանադրական միապետության գաղափարի և ավտոկրատիայի վերականգնման երազանքների միջև, ինչը վանում է էլիտայի մի հատվածին։ Միևնույն ժամանակ ապագայի անորոշությունը կարող է աշխատել նրա օգտին․ հեղափոխություններին հաճախ բավական են ազատագրման մշուշոտ խոստումները։
Բարենպաստ միջազգային միջավայր
Իրանը ռազմավարական առումով աշխարհի ամենամեկուսացված ռեժիմներից է՝ բացառությամբ Հյուսիսային Կորեաի։ 2023-ից հետո՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների՝ Իսրայելի դեմ հարձակման ֆոնին, որին բացահայտ աջակցում էր այաթոլլա Ալի Խամենեին, Թեհրանի տարածաշրջանային դաշնակիցները թուլացել կամ պարտություն են կրել։ Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունները լեգիտիմազրկվել են, իսկ բարեկամ ռեժիմները՝ Սիրիայում Բաշար Ասադի և Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի, տապալվել են։ Չինաստանը մնում է շահախնդիր գործընկեր, որը ակնհայտորեն չի պատրաստվում որևէ բանով ռիսկի դիմել այաթոլլաների ռեժիմի համար։ Պուտինյան Ռուսաստանը խորասուզված է Ուկրաինայի դեմ պատերազմում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հրապարակավ սպառնացել է հարվածներ հասցնել իրանական ռեժիմին։ 2025-ի ամռանը տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո Իրանը փաստացի զրկվել է հակաօդային պաշտպանության համակարգից, և եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը սկսեն ռմբակոծել, նրանց գրեթե ոչինչ չի կարող խանգարել։
Տնտեսական փլուզումն ու կարճատև պատերազմում նվաստացուցիչ պարտությունը իրանցիներին ցույց տվեցին, որ ռեժիմն այլևս ի վիճակի չէ ապահովել ոչ տարրական կայունություն, ոչ էլ ռազմական պաշտպանություն։
Սաջադպուրն ու Գոլդսթոունը Իսլամական Հանրապետությունը բնութագրում են որպես «զոմբի-ռեժիմ»․ այն փաստացի արդեն մահացած է և գոյատևում է բացառապես բռնության հաշվին։ Նրա փոփոխության համար վերջին բացակայող տարրը ռեպրեսիվ ապարատի հրաժարումն է՝ շարունակել սպանել համակարգի համար։ Դաժանությունը կարող է հետաձգել ռեժիմի «թաղումը», սակայն դժվար թե կարողանա նրան կյանք վերադարձնել, գրում են The Atlantic-ի հոդվածի հեղինակները։
Civilnet











