Թրամփի՝ 25% մաքսատուրքի ազդեցությունը Հայաստանի համար կլինի «սահմանափակ բացասական». տնտեսագետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ առևտրային կապեր ունեցող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու որոշումը ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին, թեև ամերիկյան շուկայում հայկական արտահանման փոքր ծավալները կարող են մեղմել տնտեսական ազդեցության ընդհանուր պատկերը։
Հունվարի 12-ին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ այսուհետ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բիզնես վարող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքներից կվճարի 25% մաքսատուրք։ Հրամանագիրը, ըստ ԱՄՆ նախագահի, «վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»։ Bloomberg գործակալության տվյալներով՝ այս քայլը թեև առաջնահերթ ուղղված է Իրանի խոշոր առևտրային գործընկերներին՝ Չինաստանին, Հնդկաստանին և Թուրքիային, այնուամենայնիվ տարածվում է բոլոր պետությունների վրա։
Հայաստանի համար այս որոշման ազդեցությունը պայմանավորված է երկու գործոնով՝ Իրանի հետ ունեցած կայուն առևտրաշրջանառությամբ և դեպի Միացյալ Նահանգներ արտահանման համեմատաբար համեստ ցուցանիշներով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները փաստում են, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում ԱՄՆ-ն առաջատար դիրքեր չի զբաղեցնում, ինչը ենթադրում է, որ նոր մաքսատուրքերի կիրառումը, թեև բացասական, սակայն սահմանափակ ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականի առաջին տասնմեկ ամիսներին Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանումը կազմել է մոտ 46,2 մլն դոլար, ինչը զգալիորեն զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին՝ 54,2 միլիոն դոլարին: Արտահանման նման ծավալների պայմաններում 25% հավելյալ մաքսատուրքը ֆինանսական առումով, ըստ տնտեսագետ Հայկազ Ֆանյանի, կարող է շոշափելի լինել կոնկրետ արտահանողների համար, սակայն մակրոտնտեսական առումով ազդեցության մասշտաբները փոքր են։
Միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտրային կապերը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության կարևոր բաղադրիչը։ Ըստ ապրանքի ծագման երկրի հատկանիշի՝ 2025թ. հունվար-նոյեմբերին Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 614,8 մլն դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 562,2 մլն դոլար ցուցանիշը: Դեպի Իրան հայկական արտահանումը նշված ժամանակահատվածում կազմել է 83,4 մլն դոլար:
Հայաստանի և Իրանի առևտրի առյուծի բաժինը կազմում է էներգակիրների փոխանակումը։ Հայաստանը Իրանից ստանում է բնական գազ, որը կենսական նշանակություն ունի ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար, և դրա դիմաց արտահանում է էլեկտրաէներգիա։ Բացի այդ, Իրանը Հայաստանի համար շինանյութերի (ցեմենտ, ապակի, պոլիմերներ) և պարենային ապրանքների մատչելի աղբյուր է։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներից ներմուծմանը, ապա դիտարկելով ըստ ապրանքի ծագման երկրի՝ 2025-ի հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 268,6 մլն դոլար՝ նվազելով 2024թ. նույն ժամանակահատվածի 326,9 մլն դոլարի համեմատ:
Ընդհանուր առմամբ մասնագետները սահմանափակ բացասական են գնահատում Հայաստանի համար Թրամփի՝ 25% մաքսատուրք սահմանելու որոշումը:
«Ըստ ԱՄՆ տվյալների՝ 2024-ին ներմուծվել են հայաստանյան ծագման շուրջ 129 մլն դոլարի ապրանքներ, որոնց երկու երրորդը թանկարժեք քարեր և ոսկերչական զարդեր են: Չգիտեմ՝ ինչքանով է լուրջ այս սպառնալիքը, բայց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի սահմանափակ բացասական», - ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Հայկազ Ֆանյանը:
Արշալույս Մղդեսյան
Civilnet










