Հայ-թուրքական սահամանի «Ախուրիկ» սահմանային անցակետում տեղադրվել է հայկական դրոշ։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրերը։
Հունվարի 13-ին News.am-ը գրել էր, որ «Հայաստանի իշխանությունները մտադիր են առաջիկայում հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» սահմանային անցակետից»։ Ըստ հրապարակման՝ անցակետը հանձնելու որոշումն արդեն կայացված է, ինչի մասին է վկայում այնտեղ տեղադրված նոր դրոշակաձողը։
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ անցակետում օրեր առաջ հայկական դրոշ է տեղադրվել, և տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Միևնույն ժամանակ, նա հայտնեց, որ ռուսական կողմը ավելի վաղ սահմանի երկայնքով, որտեղ իրականացնում է ծառայություն, ճանապարհի բարեկարգման աշխատանքներ է կատարել։ Նա, սակայն, որևէ տեղեկություն չուներ ռուս սահմանապահների հեռացման մասին։
Ինչ վերաբերում է Թուրքիա տանող երկաթգծի վիճակին և հնարավոր գործարկմանը, Մանուկյանը նշեց, որ երկաթուղին հին է, և վերջին շրջանում այնտեղ լայնածավալ աշխատանքներ չեն նկատվել։
«Կարող է՝ ինչ-որ մասնագիտական խումբ եկած ու ուսումնասիրած լինի, ես ենթադրում եմ, որ նման բան եղած լինի, բայց ակներև դեպք չի եղել»,- հավելեց համայնքապետը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմում իրականացվող աշխատանքները տեսնելու համար անհրաժեշտ է հասնել անմիջապես սահմանապահների տեղակայման վայր։ Զավեն Մանուկյանի փոխանցմամբ՝ Ախուրիկ գյուղում առօրյա կյանքը բնականոն է, և տեղացիների կենսակերպում որևէ փոփոխություն չկա։
Մամուլի ավելի վաղ տարածած տեղեկություններով՝ թուրքական կողմն արդեն սկսել է Մարգարայի անցակետի հատվածի շինարարական աշխատանքները։
Հարցի շուրջ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայություն։
Գևորգ Թոսունյան
Civilnet











