ՊԲ զինծառայողներից մինչև ուխտերթին մասնակցություն. Դրվագներ Սուրեն Պապիկյանի ասուլիսից

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայության անցածների թվային տվյալները և անդրադարձավ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճակատագրին ու հունվարի 6-ի իշխանական «ուխտերթին» ուժայինների մասնակցությանը։
ՍիվիլՆեթը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու 2023-ի սեպտեմբերից հետո Պաշտպանության բանակի կայացած մարտական ստորաբաժանումները՝ բրիգադներն ու գնդերը, որպես ամբողջական ստորաբաժանումներ չեն ինտեգրվել ՀՀ Զինված ուժերին։ Հազարավոր սպաներ դուրս են մնացել համակարգից՝ հաճախ իրենց անձնագրերում Արցախի գրանցումը հավաստող «070» կոդի առկայության և ՀՀ քաղաքացի չհամարվելու հիմնավորմամբ։
Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ համաձայն չէ հարցադրման հետ՝ ընդգծելով, որ Պաշտպանության բանակն ունեցել է «իր առանձին կարգավիճակը»՝ փաստացի փորձելով հերքել թե ՊԲ-ն եղել է ՀՀ Զինված ուժերի կազմում։
Նախարարը խուսափեց ուղիղ պատասխանել ստորաբաժանումների՝ որպես միասնական մարտական միավոր պահպանման վերաբերյալ հարցին՝ հորդորելով հաշվի առնել պետական շահերը։ Նա նշեց, թե հարցեր ձևակերպելիս պետք է հաշվի առնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ «հարցն ու պատասխանը Հայաստանի հեղինակության համար»։ Պապիկյանը հերքեց արցախցիների նկատմամբ խտրական մոտեցման մասին պնդումները՝ վստահեցնելով, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի համար ծառայության անցնելու սահմանափակում չկա։
Տես՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում
«Պաշտպան հայրենյաց». թվային տվյալներ
Անդրադառնալով բանակի համալրման խնդիրներին՝ ՍիվիլՆեթը խնդրեց հստակեցնել, թե արդյոք պայմանագրային զինծառայողների ներհոսքը բավարար է փոխհատուցելու 2026-ից ժամկետային պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը։ Նախարարը հրապարակեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի վիճակագրությունը՝ նշելով, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է դարձել ընդհանուր առմամբ 4234 զինծառայող։
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2023-ին ծրագրի շահառու է դարձել 863 զինծառայող, 2024-ին՝ 1594-ը, իսկ 2025-ին շահառուների թիվը հաել է 1777-ի։
«2026 թվականին, այդ թիվը, քանի որ դինամիկան կայուն է դառնում, կունենանք մինչև 10 տոկոս ավելացում նախորդ տարվա նկատմամբ, բայց զրոյական տարվա նկատմամբ` 84 տոկոս: Սա բավարար է, որպեսզի լուծենք մեր խնդիրները»,- նշեց նախարարը։
Քաղաքակա՞ն, թե՞ կրոնական միջոցառում
ՍիվիլՆեթը նաև ուշադրություն հրավիրեց ասուլիսի ընթացքում նախարարի հայտարարություններում տեղ գտած հակասությանը՝ կապված հունվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին նրա մասնակցության հետ։ Նախարարն ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ «ուխտերթին» Ռազմական ոստիկանության ծառայողների մասնակցությունը հիմնավորել էր միջոցառման «ոչ քաղաքական՝ կրոնական» լինելու հանգամանքով, մինչդեռ մինչ այդ մեկ այլ լրագրողի պատասխանելիս իր անձնական մասնակցությունը նախարարը բացատրել էր «քաղաքական գործիչ» լինելով և քաղաքական գործունեությամբ։
Արձագանքելով դիտարկմանը՝ Սուրեն Պապիկյանն այդպես էլ չպարզաբանեց երթի մասին իր հակասական գնահատականները, սակայն վերահաստատեց, որ ինքը մասնակցել է «որպես քաղաքական գործիչ և չի կարող տարանջատվել իր քաղաքական պաշտոնից»։
Ինչ վերաբերում է Ռազմական ոստիկանության աշխատակիցներին, նախարարը չբացառեց, որ բացի կրոնական մասնակցությունից, նրանց ներկայությունը կարող էր ունենալ նաև «օպերատիվ նշանակություն»։ Ինչ օպերատիվ նշանակության մասին է խոսքը, նա չմանրամասնեց։
Ուշագրավ է, որ ՀՀ օրենսդրությամբ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության լիազորությունները սահմանափակված են զինված ուժերի շրջանակով և չեն տարածվում քաղաքացիական միջոցառումների վրա։ Քաղաքացիական միջավայրում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը ՀՀ ոստիկանության (ՆԳՆ) իրավասությունն է։
Տեղադրություն
CivilNetCheck










