Թեհրանն անհանգստացած է իր դեսպանատան առջև ցույցերով, մեղադրում է ՀՀ իշխանություններին

Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում. այս մասին հունվարի 14-ի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Ըստ դեսպանի՝ ցուցարարների հաջողության դեպքում պարտվողներից մեկը լինելու է Հայաստանը։
«Իրանի պաշտոնյաներն անհանգստացած են, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց և շատ անհարգալից ու վիրավորական արտահայատություններ հնչեցնել։ Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ մարդիկ հավաքվում են, վիրավորական արտահայտություններով հանդես գալիս, և, ի հեճուկս մեր բողոքի, այդ գործընթացը շարունակվում է», - ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանն «ամենադաժվար ժամանակներում կանգնել է Հայաստանի պետության և ժողովորդի կողքին»։
«Օրինակները շատ են։ Հիմա մենք դժվար վիճակում ենք։ Եվ այն իրադարձությունները, որոնք ամեն օր տեղի են ունենում Իրանի դեսպանատան առջև, կմնան Իրանի ժողովրդի պատմական հիշողություն մեջ։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ ասացի», - նշեց դիվանագետը։
Դեսպանին հարց ուղղվեց, թե արդյոք այս ամենը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա և արդյոք մտահոգությունները փոխանցվել են Հայաստանի ղեկավարությանը։
«Ի սկզբանե բազմիցս փոխանցվել են այս մտահոգությունները պատկան մարմիններին։ Թեհրանում կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն», - նշեց դիվանագետը։
Իրանում երկու շաբաթից ավելի է՝ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք սկսել էին Թեհրանում և տարածվել երկրով մեկ։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում կապի անջատման հետևանքով երկրում տիրող իրավիճակի իրական պատկերն անհայտ է, սակայն արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են իրավապահ համակարգի կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների շրջանում զոհերի թիվը հատել է երկու հազարը։ Իրանցի պաշտոնյաների իրենց հերթին հայտնում են իրավապահ համակարգում մեծաթիվ կորուստների մասին։
Տեղադրություն
Civilnet










