Շտապօգնության 8-ից ավելի կանչերը կդառնան վճարովի. սահմանվել է 10,000 դրամ սակագին

Հայաստանում ներդրվող առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակում շտապբժշկական օգնության անվճար կանչերի տարեկան սահմանափակում է դրվել։ Անվճար կլինի տարեկան մինչև ութերորդ կանչը, իններորդ և հաջորդ կանչի համար սահմանվել է 10,000 դրամ սակագին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Կան որոշ բացառություններ, օրինակ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն»,- ասել է Գրիգորյանը։
Տնօրենը հավաստիացրել է, որ շտապօգնության բոլոր մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և տեխնոլոգիական միջոցներով՝ առաջին բուժօգնությունը պատշաճ մակարդակով ցույց տալու համար։
Գրիգորյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, ըստ որի Երևանի բնակչության շուրջ 99%-ը 2025-ին կատարել է մինչև ութ կանչ, իսկ 1%-ի կեսը կատարել է մինչև 20, իսկ մյուս կեսը՝ 20-ից ավելի կանչ տարեկան կտրվածքով։
«Այն մարդը, ով տարեկան 20-30 անգամ և ավելի կանչ է տալիս, ուրեմն ստացիոնարում, բուժհաստատությունում բուժման կարիք ունի։ Նման կանչերի պատճառով իրական հրատապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերն ուշանում են»,- նշել է նա՝ հավելելով, որ հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացիները կեղծ տվյալներ են ներկայացնում հրատապությունն ապահովելու համար։
Ըստ Գրիգորյանի՝ արդեն իսկ սկսվել է բուժառուների ծանուցման գործընթացը։ Այս պահի դրությամբ երկու քաղաքացի արդեն ստացել է ծանուցում ութ կանչի սահմանաչափը լրացնելու մասին և պարտավոր է 15-օրյա ժամկետում վճարել սահմանված 10,000 դրամը։ Տնօրենը շեշտել է, որ սահմանափակումը նպատակ ունի վերացնել անհարկի կանչերի պրակտիկան և բարձրացնել ծառայության օպերատիվությունը։
Civilnet










