Գլխավոր Լրահոս

Չարը ցարն է

Չարը ցարն է

Իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու ՀՀԿ-ականները քարոզչություն են սկսել, որ իբր իշխանությունների նկատմամբ լայնածավալ դժգոհություններն ուղղված են ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այլ տեղական իշխանների ու իշխանիկների դեմ:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ ասում էր, թե «բողոքը ոչ թե նախագահին է ուղղված, այլ այն համակարգին, որ կոչվում է տեղական ինքնակառավարման մարմին»: Իշխանական վերահսկողության տիրույթում գործող թերթերից մեկն էլ իր առաջին էջը զարդարում է «Գլուխներ թռցնելու ժամանակը» խորագիրը կրող նյութով, որտեղ ակնհայտորեն նույն քարոզն է անում:

Այս իրավիճակը հիշեցնում է նախահեղափոխական Ցարական Ռուսաստանը, երբ հասարակությանը ներշնչում էին, որ «բարի ցարը» տեղյակ չէ կայսրությունում տիրող խայտառակ իրավիճակից, իսկ այդ ամենի մեղավորները «չար բոյարներն» են, որոնք կեղեքում են ժողովրդին: Ցարական Ռուսաստանում հասարակությունը հավատաց այս հեքիաթին մինչև այն պահը, երբ 1905թ. փետրվարի 22-ին Պետերբուրգում ցարի հրամանով Ձմեռային պալատի մոտ գնդակահարվեցին աշխատավոր ցուցարարները, որոնք միամտաբար եկել էին Նիկոլայ Երկրորդին իրենց խնդիրները ներկայացնելու:

Հիմա Հայաստանում է. հանրապետականները փորձում են երկրում առկա ապօրինությունների, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մեղքը բարդել ՏԻՄ համակարգի վրա: Սակայն խնդիրն այն է, որ ՏԻՄ անկախ համակարգ Հայաստանում գոյություն չունի՝ դե յուրե ընտրովի համայնքապետերը հիմնականում նշանակվում են կենտրոնական իշխանությունների կողմից: Իսկ մարզպետների ու համայնքապետերի ընտրության հարցում իշխանությունը առաջնորդվում է մեկ գլխավոր չափորոշիչով՝ որքան է ընտրությունների ժամանակ քվե գողանալու նրանց պոտենցիալը:

Գոյություն ունեցող ՏԻՄ համակարգը իրականում կենտրոնական իշխանությունների դեմքն է համայնքներում ու մարզերում: Սակայն իշխանական քարոզչամեքենան մանիպուլյացիայի ենթարկելով հանրային գիտակցությունը, վհուկների որս է կազմակերպում իր թիմակիցների նկատմամբ: Սա հարմար առիթ է նաև, որ իշխանությունը  ազատվի անցանկալի «բոյարներից»:

 

Լուսանկարը՝ kremenchug-kpu.org.ua

 

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում