Ամեն ինչ կանենք եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Փաշինյան

Մենք ամեն ինչ արել ենք, և կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Իրանի դեսպանի հայտարարություններին։
«Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք»,- ասաց Փաշինյանը։
Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։
«2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, մենք չենք կարող առանձին վերձրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Այլ բան, որ մենք կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ոչ ԻԻՀ, ոչ էլ այլ դեսպանատան աշխատանք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ պաշտոնական Երևանը ուշադիր կհետևի Իրանի մտահոգություններին և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կձեռնարկի բոլոր միջոցները, որ բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության որևէ խնդիր չառաջանա։
«Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքով»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Թեհրանի մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց, որ, երբ Իրանի նախագահն օգոստոսի 8-ից հետո այցելել էր Հայաստան, իրենք հանգամանալից երկար զրույց են ունեցել այդ հարցի վերաբերյալ, և նախագահ Փեզեշքյանը ստացել է իր բոլոր հարցերի պատասխանները։
«Մենք ասել ենք, եթե հետագայում հարցեր ծագեն՝ մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանեն, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագեն։ Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների մտահոգություններն ու կարծիքները հաշվի առնում ենք, և հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է»,- նշեց Փաշինյանը։
Իրանում երկու շաբաթից ավելի է՝ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք սկսել էին Թեհրանում և տարածվել երկրով մեկ։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում կապի անջատման հետևանքով երկրում տիրող իրավիճակի իրական պատկերն անհայտ է, սակայն արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են իրավապահ համակարգի կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների շրջանում զոհերի թիվը հատել է երկու հազարը։ Իրանցի պաշտոնյաների իրենց հերթին հայտնում են իրավապահ համակարգում մեծաթիվ կորուստների մասին։
Տեղադրություն
Civilnet










