Վրաստանը դատապարտում է Մոլդովա-Ռումինիա միավորման հնարավորության մասին հայտարարությունը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության այլ ներկայացուցիչներ կոշտ քննադատության են ենթարկել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։ Սանդուն հայտարարել էր, որ կաջակցի Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը, եթե այդ հարցը դրվի հանրաքվեի։
«Նայեք՝ ինչ է այսօր տեղի ունենում Մոլդովայի շուրջ։ Նայեք՝ ինչ է կատարվում աշխարհում»,- ասել է Սանդուն Մեծ Բրիտանիայում թողարկվող The Rest is Politics փոդքասթում։
«Մոլդովայի նման փոքր երկրի համար ավելի դժվար է գոյատևել որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետություն, ինչպես նաև դիմակայել Ռուսաստանին»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Սանդուն ընդունել է, որ նման քայլի համար Մոլդովայում, ամենայն հավանականությամբ, բավարար հանրային աջակցություն չկա, և որ երկրի՝ ԵՄ-ին ինքնուրույն անդամակցելը «ավելի իրատեսական նպատակ» է։
Պատմության ընթացքում Մոլդովան բազմիցս միավորված է եղել Ռումինիայի հետ, այդ թվում՝ մինչև 1940-ը, երբ Խորհրդային Միությունը բռնակցեց այն տարածքը, որտեղ այսօր ժամանակակից Մոլդովան է։ Երկու երկրները նաև ունեն ընդհանուր լեզու։
Ի պատասխան՝ Կոբախիձեն Սանդուի հայտարարությունը որակել է «ցնցող» և «խիստ ցավալի զարգացում»։
«Երբ երկրի քաղաքական առաջնորդը հայտարարում է, որ պատրաստ է քվեարկել հօգուտ պետության անկախության կորստի, ես անգամ չգիտեմ՝ ինչ մեկնաբանություն կարելի է տալ նման հայտարարությանը»,- ասել է նա։
Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանի և Մոլդովայի ընդհանուր խորհրդային անցյալն այս հարցը դարձնում է ավելի զգայուն։
«Բնականաբար, սա շատ ցավալի զարգացում է Մոլդովայի համար՝ մի երկրի, որը անկախություն է ձեռք բերել մեզ հետ միասին՝ 1990-ականների սկզբին։ Մնացածը Մոլդովայի ներքին գործն է, և, հավանաբար, նրանք ինքնուրույն կլուծեն իրենց խնդիրները»,- նշել է նա։
Նմանատիպ հայտարարություններով է հանդես եկել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պնդելով, որ Մոլդովան ԵՄ ճանապարհին գնում է «ինքնիշխանության կորստի միջոցով»։
«Մեզ համար հարցը պարզ է․ Վրաստանի եվրոպական ճանապարհը անկախ պետության ճանապարհն է, ոչ թե դրա վերացումը»,- հավելել է Պապուաշվիլին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Կոբախիձեն և «Վրացական երազանք»-ի այլ ներկայացուցիչներ քննադատում են Սանդուին, որը ժամանակ առ ժամանակ պատասխանում է այդ հայտարարություններին։
2025-ի սեպտեմբերին Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում Սանդուի կուսակցության հաղթանակից հետո Կոբախիձեն հայտարարել էր, որ «դժվար է» նրան շնորհավորել՝ պատճառաբանելով Մոլդովայի անդամակցությունը Ռուսաստանի գլխավորությամբ գործող Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ)։
ԱՊՀ-ն տարածաշրջանային կազմակերպություն է, որը միավորում է նախկին Խորհրդային Միության ինը իրավահաջորդ պետությունների։ Վրաստանը նախկինում եղել է դրա անդամ, սակայն դուրս է եկել կազմակերպությունից 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։ Մոլդովան, թեև ձևականորեն դեռ անդամ է, հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ կազմակերպությունից Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումից հետո։
Կոբախիձեի՝ Մոլդովայի ԱՊՀ անդամակցությունը որպես Սանդուին չշնորհավորելու պատճառ նշելը սոցիալական ցանցերում դարձել է ծաղրի առարկա։ Շատերը դա համարել են ծխածածկույթ՝ քողարկելու իշխող կուսակցության դժկամությունը՝ բացահայտ աջակցելու Մոլդովայի եվրոպամետ կառավարությանը։ «Վրացական երազանք»-ը բազմիցս դժգոհել է, որ ԵՄ-ն Մոլդովայի նկատմամբ ցուցաբերում է «կրկնակի ստանդարտներ»՝ կենտրոնանալով Վրաստանի խնդիրների վրա և անտեսելով նմանատիպ խնդիրներն այնտեղ։
ԱՊՀ անդամակցությունը նախկինում չի խանգարել Կոբախիձեին շնորհավորել այլ երկրների առաջնորդների ընտրական հաղթանակները։ Մասնավորապես, 2024-ին նա շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հինգերորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ, թեև այս ընտրությունները լայնորեն գնահատվել են որպես ոչ ազատ և ոչ արդար։
Մոլդովայի ընտրություններից առաջ վրացական իշխանամետ Imedi հեռուստաընկերության լրագրողական խումբը Մոլդովա մուտք գործելու թույլտվություն չէր ստացել։ Թեև մուտքը մերժելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում նշված էր միայն օտարերկրացիների գրանցման հետ կապված օրենսդրությունը, Imedi-ի լրագրողները պնդել էին, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։
2024-ին Մոլդովան նաև կանչել էր Վրաստանի գործերի հավատարմատարին այն բանից հետո, երբ Կոբախիձեն հայտարարել էր, թե նոր անցկացված Մոլդովայի նախագահական ընտրություններում եղել են «կոպիտ խախտումներ»։
Civilnet










