Ամբերին Զաման, հոդվածը հրապարակվել է Al-Monitor կայքում
Իրանում վերջին ամիսներին խորացող ներքաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում է տնտեսական անկմամբ, զանգվածային բողոքներով և անվտանգության համակարգի նկատմամբ վստահության թուլացմամբ, ավելի հաճախ է սկսել առաջ բերել իշխանության հնարավոր փլուզման մասին քննարկումներ։ Սակայն, ինչպես գրում է լրագրող Ամբերին Զամանը Al-Monitor կայքում հրապարակված հոդվածում, նման զարգացումը տարածաշրջանում առաջին հերթին կստեղծի ոչ թե հնարավորություններ, այլ լուրջ և դժվար կառավարելի ռիսկեր, հատկապես Թուրքիայի համար։
Զամանը նշում է, որ Թուրքիայում իշխանության և անվտանգության պատասխանատուների շրջանակներում Իրանի ներկայիս ռեժիմը, չնայած խորքային հակասություններին, ընկալվում է որպես կանխատեսելի գործընկեր։ Իրանի պետական կառավարման համակարգի հանկարծակի փլուզումը Անկարայում դիտարկվում է որպես իրավիճակ, որը կարող է արագ վերածվել քաոսի՝ խարխլելով արդեն իսկ տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը։ Այդ իսկ պատճառով Թուրքիան հակված է ընտրելու ոչ թե իդեալական, այլ վերահսկելի տարբերակ։
Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձնում քրդական գործոնին՝ ընդգծելով, որ հենց այստեղ է կենտրոնացած Թուրքիայի հիմնական վախը։ Իրանի տարածքում ապրող քրդական բնակչության քաղաքական և զինված համախմբումը, կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում, կարող է կտրուկ աճել։ Անկարան մտահոգված է, որ Իրանի քրդական շրջաններում ինքնավարության կամ ինքնակազմակերպման գործընթացները կարող են փոխկապակցվել Թուրքիայի ներսում գործող քրդական շարժումների հետ՝ ստեղծելով նոր ճնշում թուրքական պետության վրա։
Տարիներ շարունակ, ըստ Զամանի, նույնիսկ լարված հարաբերությունների փուլերում, Թուրքիան և Իրանը համագործակցել են քրդական զինված խմբերի դեմ պայքարում։ Այդ համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ շահերի վրա, և Իրանի կենտրոնական իշխանության հնարավոր փլուզումը կարող է վերացնել այդ ընդհանուր շահերի հիմքը՝ տեղ բացելով ոչ պետական զինված դերակատարների համար։
Իրանում պետական կառավարման կործանումը կարող է հանգեցնել անվտանգության լուրջ վակուումի ձևավորման։ Այդ վակուումը, ըստ հեղինակի, ամենայն հավանականությամբ կլցվի տարբեր զինված խմբավորումներով՝ էթնիկ, գաղափարական կամ հանցավոր բնույթի։ Թուրքիայի համար սա նշանակում է իր արևելյան սահմանների երկայնքով անկայունության նոր գոտի, որի զարգացումները դժվար կլինի կանխատեսել կամ վերահսկել։
Հոդվածում առանձին անդրադարձ է կատարվում նաև հումանիտար հետևանքներին։ Զամանի գնահատմամբ՝ Իրանում լայնածավալ անկարգությունների կամ քաղաքացիական բախումների դեպքում Թուրքիան կարող է կանգնել փախստականների նոր հոսքի առաջ։ Հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն ընդունել է միլիոնավոր փախստականների Սիրիայից, Իրանից եկող հնարավոր նոր ալիքը կարող է խորացնել ներքին սոցիալական լարվածությունը և քաղաքական հակասությունները երկրի ներսում։
Հեղինակը նշում է նաև, որ Անկարան զգուշավոր է արտաքին միջամտության ցանկացած սցենարի նկատմամբ։ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Իրանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությունը կարող է արագ ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը՝ առաջացնելով անկանխատեսելի հետևանքներ։ Այդ պատճառով Թուրքիան նախընտրում է պահպանել առնվազն նվազագույն կայունություն՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ կայունությունը ապահովվում է իր համար ոչ ցանկալի քաղաքական համակարգի կողմից։
Տե՛ս՝ Why Iran regime’s potential collapse spells more risk than benefit for Turkey
Civilnet











