Գլխավոր Լրահոս

Հայաստանը որևէ քայլ չի անի բարեկամական Իրանի դեմ․ Սիմոնյան

Հայաստանը որևէ քայլ չի անի բարեկամական Իրանի դեմ․ Սիմոնյան

Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության դեմ և որևիցե գործընթացների մեջ ներառված չի լինելու։ Արձագանքելով ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգություններին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։

Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Թեհրանի մտահոգություններին՝ Սիմոնյանը նշեց, որ այն տնտեսական հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Իրանի համար։

«Կարծում եմ այս լարվածությունը, որ հիմա իրենց երկրում կա (Իրանում), երբ հանգուցալուծվի, իրենք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Ես դեռ նորանշանակ դեսպանի հետ չեմ հանդիպել»,- նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը չափազանցված է համարում այն մտահոգությունները, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ որևէ գործողություն կարող է իրականացնել Հայաստանի տարածքից։ 

«Իրանը 10-ից ավելի հարևան ունի, Հայաստանի 23 կիլոմետրանոց սահմանային հատվածի՞ց պետք է ԱՄՆ-ն գործողություն անի Իրանի նկատմամբ։ Չափազանցված է ձեր այդ գնահատականը, մտահոգությունը»,- ասաց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքել էր Իրանի դեսպանի հայտարարություններին, նշելով, որ Հայաստանն ամեն ինչ կանի բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։

Իրանում դեկտեմբերի վերջից ընթանում են բողոքի ցույցեր, որոնք սկսել էին Թեհրանում և տարածվել երկրով մեկ։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում կապի անջատման հետևանքով երկրում տիրող իրավիճակի իրական պատկերն անհայտ է, սակայն արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են իրավապահ համակարգի կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների շրջանում զոհերի թիվը հատել է երկու հազարը։ Իրանցի պաշտոնյաների իրենց հերթին հայտնում են իրավապահ համակարգում մեծաթիվ կորուստների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում