Գլխավոր Լրահոս

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի

Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։

Ազատությունը գրում է, որ Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ «Ջի թի բի դիվելոփմենթը» ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծել ԱՄՆ-ում գրանցված երկու բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ «Ռեալ ջի» և «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունների հետ։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։

Կասկադի վերակառուցման մրցույթի պայմաններում քաղաքապետարանը սահմանել էր, որ մրցույթի մասնակիցը վերջին 7 տարում պետք է կառուցապատած լիներ առնվազն 30 հազար քառակուսի մետր, ներկայացներ դա հավաստող փաստաթղթեր։ Մյուս հիմնական պայմանն այն է, որ մրցույթի մասնակցի վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը չպետք է պակաս լիներ 20 միլիարդ դրամից։

Կառավարության կողմից հաստատված և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Կասկադի վերին հատվածի վերակառուցման ծրագրով նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կօտարվեն «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությանը՝ 10.5 միլիարդ դրամով, բացի այդ ընկերությունը պարտավորվել է ավելի քան 20 միլիարդի ներդրումներ կատարել տարածքի կառուցապատման ու զարգացման համար։ Կողմերը ընդհանուր ծրագիրը գնահատել են 70 միլիոն դոլար։ «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը նաև պարտավորվել է 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ ու թանգարան կառուցել տարածքում ու հանձնել այն քաղաքապետարանին։

Դեկտեմբերի 5-ին քաղաքապետարանն ու «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը ստորագրեցին «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի իրականացման պայմանագիրը։ Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ «կոնսորիցումը բաղկացած է ընկերություններից, որոնք ունեն միջազգային փորձառություն բիզնեսի տարբեր ոլորտներում ու հաջողած փորձ պետությունների հետ հարաբերություններում, իսկ վերջիններիս բաժնետերերը՝ գործարար միջազգային կապեր ու համբավ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում