Գլխավոր Լրահոս

Ռեֆորմը միանշանակ հաջողվել է. ՊԵԿ փոխնախագահը՝ հայտարարագրման համակարգի մասին

Ռեֆորմը միանշանակ հաջողվել է. ՊԵԿ փոխնախագահը՝ հայտարարագրման համակարգի մասին

Էլեն Մուրադյան

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ոչ միայն չի տապալվել, այլև արդեն տվել է էական արդյունքներ. «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

​​Հայաստանում 2023-ից գործարկվեց և փուլային եղանակով ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Թեև, ըստ բարեփոխման հեղինակների, մինչև 2025-ի նոյմեբերի 1-ը չափահաս բոլոր քաղաքացիները պարտավոր էին եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել։ Այդ ժամկետի դրությամբ, սակայն, հայտարարագիր ներկայացրել էր 175,000 քաղաքացի, մինչդեռ Հայաստանում վարձու աշխատողների թիվը գերազանցում է 800,000-ը: 

Վերջին մտքի հետ համամիտ չէ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը: Նրա գնահատմամբ՝ հայտարարագրումը պետք է դիտել ոչ թե մեկ տարվա ֆիսկալ ակցիայի, այլ երկարաժամկետ վարքագծային փոփոխության շրջանակում։

«Ռեֆորմը, իմ կարծիքով, միանշանակ հաջողել է»,- ասել է Գևորգյանը՝ արձագանքելով պնդումներին, թե ցածր մասնակցությունը նշանակում է ձախողում։ «Ռեֆորմի նպատակ ի սկզբանե դրված չի եղել, որ հենց առաջին տարում բոլորը՝ 100 տոկոսով, անձամբ մտնեն ու հայտարարագիր ներկայացնեն»։

Գևորգյանի խոսքով՝ ՊԵԿ-ում սկզբից ևեթ գիտակցում էին, որ հանրային դիմադրություն և անվստահություն լինելու է, սակայն համոզված էին, որ հարմարավետ գործիքների ստեղծումը կբերի հարկային եկամուտների աճի։ «Մենք հայտարարագրման ռեֆորմի մեկնարկից դեռ առաջ խոսում էինք կամավոր կարգապահության մասին, և շատերը ոչ միանշանակ էին վերաբերվում այդ գաղափարին, բայց մենք համոզված էինք, որ դա նպաստելու է հարկային եկամուտների աճին։ Հայտարարագրման ռեֆորմը նաև դա ապացուցեց»,- ասել է նա։

ՊԵԿ փոխնախագահի տվյալներով՝ մոտ 175,000 քաղաքացի ինքնակամ ներկայացրել է եկամուտների հայտարարագիր, ինչի արդյունքում հայտարարագրվել է ավելի քան 150 մլրդ դրամ լրացուցիչ հարկվող եկամուտ։ «Հարկային այս ռեֆորմի արդյունքում գեներացվել է շուրջ 8,3 մլրդ դրամ հարկային եկամուտ»,- նշել է Գևորգյանը՝ հավելելով, որ դա նախորդ տարիների միջին ցուցանիշից մոտ 4-5 մլրդ դրամով ավելի է։

Նրա խոսքով՝ եղել են եկամտային տողեր, որոնցով մինչ այս ոչ մի հարկ չէր վճարվել։ «Մենք հայտարարագրման ռեֆորմի արդյունքում կես միլիարդ դրամից ավել հարկային մուտք էինք գեներացրել միայն այդ տողով»,- ասել է նա՝ նկատի ունենալով «այլ եկամուտներ»-ը։ Վարձակալության վճարներից ստացված հարկերը, ըստ նրա, «մոտ եռապատկվել են»՝ հասնելով շուրջ 2 մլրդ դրամի։

Քննադատություններին պատասխանները

Արդյոք արժե՞ր բյուրոկրատական քաշքշուկը՝ ֆիսկալ նման արդյունքի համար։ Գևորգյանի պատասխանը հստակ էր. «Եթե ֆինանսական հաշվարկ անենք, ապա անգամ միայն 2024-ի արդյունքն էականորեն ավելի շատ է, քան ամբողջ ծախսված ռեսուրսը»։

Սակայն, նրա խոսքով, խնդիրը միայն գումարը չէ. «Այստեղ էականը մարդկանց հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված գործընթացն է, իրազեկումը, խոսակցությունը, և նաև մարդկանց գիտակցումը, թե իրենք ինչքան հարկ են վճարում պետությանը»։

Գևորգյանը հերքել է այն թեզը, թե համակարգը հիմնված է եղել վախեցնելու կամ պատժելու վրա. «Մեր հանրային խոսքում մենք երբեք չենք ասել՝ եթե չլրացնեք, պարտադիր կտուգանվեք։ Ընդհակառակը, ընտրված գործիքակազմը եղել է հանրային խոսքը և հանրային ընկալումների փոփոխությունը»։

Ցածր մասնակցություն և մոտեցման փոփոխություն

ՊԵԿ փոխնախագահն ընդունում է, որ ինքնակամ մասնակցությունը ցածր է եղել, սակայն դա ևս, ըստ նրա, չի նշանակում ձախողում. «175,000 քաղաքացու ինքնակամ հայտարարագրումը՝ առանց որևէ տուգանքի, առանց որևէ կոշտ վարչարարական գործիքների, կարծում եմ՝ շատ էական արդյունք է»։

Նրա խոսքով՝ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ քաղաքացիների կեսից ավելին որևէ փոփոխություն չի արել ՊԵԿ-ի կողմից արդեն լրացված տվյալների մեջ։ «Դա նշանակում է, որ մարդիկ ավել ասելու բան չունեին։ Դրա հիման վրա էլ եկանք այն մտքին, որ եթե մարդը հավելյալ եկամուտ չունի, իմաստ չկա նրան լրացուցիչ քաշքշուկի մեջ ներգրավել»,– ասել է Գևորգյանը՝ բացատրելով, թե ինչու է պետությունը գնացել ինքնաշխատ լրացման մեխանիզմի։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ հայտարարագրման համակարգը պետք է դիտել երկարաժամկետ հեռանկարում։ «Գեթ մեկ զարգացած երկիր չկա, որտեղ այս համակարգը ներդրվել է մեկ կամ երկու տարում։ Դա տևել է տասնամյակներ»։

Նրա գնահատմամբ՝ եթե առաջիկա տարիներին էլ ինքնակամ հայտարարագրողների թիվը չաճի արագ տեմպերով, դա ինքնին բացասական չի դիտարկվի։ «Ռեֆորմը պետք է շարունակվի իր փուլերով։ Մենք այս տարի ևս ներդնելու ենք նոր գործիքակազմ, որպեսզի համակարգը լինի ավելի պարզ ու հարմար»,– ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում