Մի քանի տասնյակ իրանցիներ այսօր Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիան արտոնված է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից հունվարի 15-ին, սակայն հունվարի 16-ին թուլյտվության որոշումը չեղարկվել է:
Ակցիայի մասնակիցները որոշել էին դեսպանատան մոտից երթով շարժվել «Կապույտ մզկիթ», սական ակցիայի կարգը հսկող ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տվել: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձել է ճեղքել ոստիականական պատը: Յոթ անձ բերման է ենթարկվել, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ցուցարարները վանկարկում են՝ «մահ Խամենեին», «ազատություն Իրանին», «ժողովրդավարություն Իրանին», «կանգնեք Իրանի կողքին», «կեցցե Ռեզա շահը»: Ռեզա Փահլավիի նկարով պաստառներ են պարզում՝ «King Pahlavi» գրությամբ:
Թագաժառանգ Փահլավիի հայրը՝ Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին զավակների և կնոջ՝ Ֆարահ Փահլավիի հետ երկիրը լքել է 1979-ին Իսլամական հեղափոխության հաղթանակի և այաթոլլահների իշխանության հաստատման հետևանքով։

Իրանցիները շարունակում են մնալ դեսպանատան մոտ, նշելով, որ այդտեղից չեն հեռանա մինչև բերման ենթարկվածներին ազատ չարձակեն:
«Ընկերներիս բաց թողեք»,- հայերեն վանկարկում են իրանցիները:
Դեսպանատան դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Տարածք է բերվել հատուկ տեխնիկա: Ոստիկանները հայտնել են, որ ուժ կկիրառեն, եթե ակցիայի մասնակիցները որևէ գործողության դիմեն:
Այս ամենին նախորդել էր Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի դժգոհությունը: Նա հունվարի 14-ին նա հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Իրանի դեսպանի հայտարարություններին, նշելով, որ Հայաստանն ամեն ինչ կանի բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։
Հիշատակելով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները, դեսպանատան դիմաց հավաքված իրանցիները նշում են. «Ինչպես կարող է մի պետության դեսպանը սպառնալ մեկ այլ պետության վարչապետին։ Իրանի կոչերին ենթարկվելը կասկածի տակ է դնում ձեր անկախությունը որպես պետություն»:
Հայաստանում բնակվող իրանցի ցուցարարները հայտնում են, որ հարցաքննվել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից, քանի որ անցյալ շաբաթվանից ամենօրյա բողոքի ցույցեր են անցկացնում Իրանի դեսպանատան մոտ։ CivilNet-ը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, սակայն կառույցից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, խնդրելով գրավոր հարցում ուղարկել:
***
Իրանում դեկտեմբերի վերջից ընթանում են բողոքի ցույցեր, որոնք սկսել էին Թեհրանում և տարածվել երկրով մեկ։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում կապի անջատման հետևանքով երկրում տիրող իրավիճակի իրական պատկերն անհայտ է, սակայն արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են իրավապահ համակարգի կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների շրջանում զոհերի թիվը հատել է երկու հազարը։ Իրանցի պաշտոնյաների իրենց հերթին հայտնում են իրավապահ համակարգում մեծաթիվ կորուստների մասին։
Civilnet











