Չնայած Իրանի իշխանությունների նկատմամբ խոր անվստահությանը՝ Ծոցի և արաբական երկրներն ընդհանրապես դեմ են Թեհրանում ռեժիմի կտրուկ փոփոխության գաղափարին, Al-Monitor կայքում գրում է հրատարակության Թեհրանի թղթակիցը, որի անունը չի նշվում։
Ըստ հեղինակի՝ արաբական նավթառատ երկրների դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե հումանիտար նկատառումներով, այլ խիստ պրագմատիկ՝ էներգետիկ, անվտանգային և քաղաքական հաշվարկներով։
Ըստ հոդվածի՝ Իրանում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության ծավալը նախապես ստիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակային սպառնալ ռազմական միջամտությամբ։ Սակայն կարճ ժամանակ անց այդ հռետորաբանությունը մեղմվեց։ Հոդվածագիրը հղում է անում տարածաշրջանային և արևմտյան աղբյուրների՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում, Օմանում և Եգիպտոսում իր դիվանագիտական շփումներին՝ պնդելով, որ նրանք Վաշինգտոնին հորդորել են «սեղմել արգելակները»։ Թեև Թրամփը հրապարակայնորեն հայտարարել էր՝ «ոչ ոք ինձ չի համոզել, ես ինքս եմ ինձ համոզել», տարածաշրջանային գործընկերները փակ դռների հետևում զգուշացրել են՝ Իրանի դեմ հարվածը կարող է հանգեցնել շատ ավելի լայն ճգնաժամի։
Հոդվածի առանցքային շեշտադրումը էներգետիկ գործոնն է։ «Իրանի դեմ ամերիկյան ցանկացած ռազմական գործողություն կբարձրացնի նավթի և գազի ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների վտանգը ողջ Ծոցի տարածքում՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ դաշնակից զինված խմբերի միջոցով»,- նշում է հեղինակը։ Նույնիսկ սահմանափակ հարվածները կարող են խուճապ առաջացնել շուկաներում, խաթարել նավագնացությունը և կտրուկ բարձրացնել էներգակիրների գները։
Սաուդյան Արաբիան և Կատարը տարիներ շարունակ իրենց դիրքավորել են որպես համաշխարհային էներգետիկ կայունության առանցքային հենասյուներ։ Ռիադի տնտեսական վերափոխման ծրագիրը և Դոհայի դերը որպես հեղուկ բնական գազի խոշոր մատակարար հիմնված են կանխատեսելիության վրա։ «Տարածաշրջանային պատերազմը կամ նույնիսկ երկարատև լարվածությունը կարող են մեկ գիշերում փլուզել այդ պատկերը»,- նշվում է հոդվածում։ Բացի այդ, Կատարն ու Իրանը համատեղ կառավարում են Հարավային Փարս/Հյուսիսային Դոմ գազային հսկա հանքավայրը, ինչը լրացուցիչ զգայունություն է ստեղծում։
Ծոցի երկրների մտահոգությունը, սակայն, չի սահմանափակվում միայն նավթով։ Հեղինակը գրում է, որ այդ երկրները հաճախ նախընտրում են «թուլացած, բայց ճանաչելի» Իսլամական Հանրապետությունը, քան անհայտ ապագան։ Տասնամյակների հակասությունների պայմաններում Իրանի ներկայիս համակարգը նրանց համար «ծանոթ մեծություն» է՝ իր կարմիր գծերով և կանխատեսելի վարքագծով։ Իսկ հետհեղափոխական, հնարավոր աշխարհիկ կամ ժողովրդավարական Իրանը կարող է շատ ավելի անկանխատեսելի լինել։
Հոդվածում նշվում է նաև, որ Իրանում հաջողված ժողովրդական ապստամբությունը կարող է նախադեպ դառնալ Ծոցի մյուս երկրների համար։ Նույնիսկ առավել կայուն և բարեկեցիկ միապետություններում զանգվածային բողոքների սիմվոլիկ ուժը կարող է «դժվար վերահսկելի» դառնալ։ Այդ պատճառով, ինչպես ձևակերպում է հեղինակը, տարածաշրջանի ղեկավարների աչքում «կայունությունը ավելի անվտանգ ընտրություն է, քան վերափոխումը»։
Առանձին բաժին էլ նվիրված է Իսրայելի գործոնին։ Իրանի թշնամական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիներ շարունակ հակասակաոներն նպաստել է տարածաշրջանային հավասարակշռությանը՝ քաղաքական ճնշման մի մասը կենտրոնացնելով Թեհրանի վրա։ Հետհեղափոխական Իրանը, որը կարող է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ըստ հոդվածի, կփոխի խաղի կանոնները՝ ամրապնդելով Իսրայելի ռազմավարական դիրքերը և թուլացնելով արաբական երկրների ազդեցությունը պաղեստինյան հարցում։
Հեղինակը նկարագրում է Թրամփի առջև կանգնած դիլեման․ սպառնալիքներից նահանջելը կարող է վնասել ԱՄՆ-ի հեղինակությանը և հիասթափեցնել իրանցի ցուցարարներին, իսկ պատերազմը՝ բերել անկանխատեսելի և թանկարժեք հետևանքների։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի կարող անտեսել տարածաշրջանային այն գործընկերների կոչերը, որոնք ԱՄՆ-ում խոշոր ներդրումներ են խոստացել և պնդում են, որ Իրանի դեմ պատերազմը վնասելու է հենց ամերիկյան շահերին։
Հոդվածագիրը եզրահանգում է, որ Թրամփի՝ այս փուլում ռազմական միջամտությունից հրաժարվելը չի նշանակում անվտանգության երաշխիք Իրանի ռեժիմի համար։ Սակայն դա ցույց է տալիս, թե որքան մեծ դեր ունի տարածաշրջանային հաշվարկների մեջ ոչ թե արժեքային քաղաքականությունը, այլ նավթը, կանխատեսելիությունը և վախը՝ «անհայտից», որը կարող է փոխարինել ծանոթ, թեկուզև թշնամական համակարգը։
Civilnet











