Հունվարի 27-ը կսահմանվի հիշատակի և ոչ աշխատանքային օր․ նախագիծ

Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։ Այս մասին Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով իր և պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պարզաբանելով հունվարի 27-ի ընտրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ նպատակը որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունեցող, բայց խորհրդանշական ամսաթիվ գտնելն էր։
«Մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև այն իր մեջ խորհուրդ ունի. հունվարի 28-ը Բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ այս հաջորդականությունը թույլ կտա նախ հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, ապա տոնել բանակի գոյությունը։ Փոխխոսնակը մեջբերեց պատգամավոր Գեղամ Նազարյանի ձևակերպումը. «Առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը՝ մեր երկրային բանակը»։
Չնայած նախնական քննարկումների ժամանակ ընդդիմության կողմից հնչած վերապահումներին, Ռուբինյանը հայտնեց, որ փորձել են քննարկել այլ տարբերակներ, այդ թվում՝ օգոստոսյան ամսաթվեր կամ եկեղեցական տոներին հաջորդող «Մեռելոցը», սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ վերադարձել են հունվարի 27-ի տարբերակին։
Ռուբինյանն ընդգծեց, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը բխում է դեռևս 2000-ին ընդունված օրենքից, սակայն մինչ օրս նման համապետական օր սահմանված չի եղել։
Անդրադառնալով երկրում առկա քաղաքական բևեռացմանը՝ ԱԺ փոխնախագահը կոչ արեց գործընկերներին զերծ մնալ նախագիծը քաղաքականացնելուց։
«Մենք ուզում ենք սահմանել օր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, և հակառակը»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ սա այն եզակի հարցերից է, որը պետք է միավորի հայաստանյան քաղաքական դաշտը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը առաջարկվող նախագծին դեմ կքվեարկի։ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց համար անընդունելի է հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, համարելով, որ այդպիսով Հայոց բանակը թիրախավորվում է։ Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում զոհ բառը զուգակցել բանակի հետ։
Ռուբինյանը հայտնեց, եթե ԱԺ-ն կողմ քվեարկի նախագծին՝ այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։
Թեմա
Civilnet










