Գլխավոր Լրահոս

Ինքնակամ շինությունների հաշվառման համար կտրվի ևս մեկ տարի 

Ինքնակամ շինությունների հաշվառման համար կտրվի ևս մեկ տարի 

Ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորման գործող ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով. այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հունվարի 19-ին ասուլիսում։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից և կգործի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։

Թովմասյանի խոսքով՝ մարդիկ հաճախ հայտնել են, որ «ժամանակ են բաց թողել», «տեղեկացված չեն եղել» կամ «հանրապետությունում չեն եղել» և նախորդ կարգավորումների ընթացքում չեն հասցրել հաշվառել 2021-ից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվում հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք «արտացոլված են 2021-ին Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարում»։

Ինչ է փոխվում և ում է վերաբերում

Կադաստրի ղեկավարի ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է մինչև 2021-ի օդային լուսանկարահանման պահը գոյություն ունեցած ինքնակամ կառույցներին։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ քաղաքացիները, որոնք ունեն այդպիսի ինքնակամ շինություններ, ստանում են ևս մեկ հնարավորություն՝ դրանք չափագրելու, տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հաստատում ստանալուց հետո դրանք համարելու հաշվառված։

Թովմասյանը շեշտել է, որ հաշվառումը չի նշանակում օրինականացում։ «Հաշվառումը պրոցեսի սկիզբն է»,- ասել է նա՝ հավելելով, որ հաշվառումից հետո միայն քաղաքացին կարող է դիմել համայնքին, որպեսզի համայնքի որոշմամբ շինությունը ճանաչվի օրինական՝ եթե այն բավարարի քաղաքաշինական պահանջներին, նորմերին և իրավական կարգավորումներին։ 

Թովմասյանը քաղաքացիներին հորդորել է գործընթացը չհետաձգել՝ նշելով, որ նախկին փորձը ցույց է տվել ծանրաբեռնվածության կտրուկ աճ տարեվերջին։ 

Ինչպես պարզել՝ կառույցը 2021-ի օդային լուսանկարում երևում է, թե ոչ

Կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրել է քայլերի հերթականություն՝ ինչպես հասկանալ՝ ինքնակամ շինությունը ներառված է 2021-ի օդային լուսանկարում, թե ոչ։ Առաջինը, նրա խոսքով, «սեփական հիշողությունն է»՝ կառուցողը պետք է կարողանա կողմնորոշվել, թե երբ է կառուցել։ Եթե տարեթիվը պարզ չէ, պաշտոնյան խորհուրդ է տալիս դիմել սեփական արխիվներին՝ լուսանկարների և տեսագրությունների միջոցով։

Հաջորդ փուլում Թովմասյանը խորհուրդ է տվել օգտվել բաց հասանելի օդային պատկերներ պարունակող հարթակներից՝ որպես օրինակ նշելով Google-ը, որտեղ հնարավոր է «ըստ տարիների ստուգել»։ Իսկ եթե այս աղբյուրները բավարար չեն, «վճարովի ծառայություն է»՝ կարելի է դիմել Կադաստրի կոմիտե, վճարել սահմանված պետական տուրքն ու ծառայության վճարը և ստանալ համապատասխան տեղեկատվություն։

Ինչպես է սկսվում հաշվառումը

Թովմասյանի ներկայացմամբ՝ եթե քաղաքացին համոզվում է, որ իր ինքնակամ կառույցը կառուցված է մինչև 2021-ի օդային լուսանկարում ֆիքսված պահը, ապա հաջորդ քայլը չափագրողին (որակավորված մասնագետի՝ գեոդեզիստի) դիմելն է, որպեսզի վերջինս տեղում կատարի չափագրման աշխատանքները՝ «փաստացի ճշգրիտ կոորդինատներով»։

Այնուհետև չափագրողը փաթեթը ներբեռնում է էլեկտրոնային համակարգ, իսկ քաղաքացին SMS հաղորդագրություն է ստանում՝ նախ փաթեթի ներբեռնման, հետո՝ Կադաստրի մասնագետների ուսումնասիրությունից ու հաստատումից հետո հաշվառման իրականացված լինելու մասին։ Թովմասյանը կարևորել է, որ դիմումում պարտադիր նշվի քաղաքացու անձնական հեռախոսահամարը, որպեսզի հաղորդագրությունները ճիշտ հասցեատիրոջ հասնեն։

Նրա խոսքով՝ այս երկփուլ ռեժիմը նախատեսված է, որպեսզի համակարգը համեմատի մուտքագրված տվյալները օդային լուսանկարի հետ և համոզվի, որ էլեկտրոնային համակարգում մուտքագրվում է ճշգրիտ տեղեկատվություն։

Ի՞նչն է համարվում ինքնակամ շինություն

Թովմասյանը նշել է, որ ինքնակամ են համարվում այն շինությունները, որոնք կառուցվել են առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ անկախ նրանից՝ կառուցվել են ներկայում, թե ավելի վաղ, նույնիսկ խորհրդային շրջանում։ Նա պարզաբանել է, որ խորհրդային տարիներին կառուցված ինքնակամների դեպքում, եթե այդ շինությունը նշված է գույքաթերթում, ապա նոր հաշվառման կարիք չկա, իսկ գույքաթերթերը սովորաբար սեփականատերերի մոտ են։

Օրինակների շարքում նա նշել է առանց փաստաթղթերի կառուցված պարիսպներ, կցակառույցներ, սեփական տան սենյակի ավելացում, բակում տնտեսական շինություն (օրինակ՝ գոմ), բազմաբնակարան շենքին ավելացված կցակառույց, ավտոտնակ և այլն։ Նրա խոսքով՝ այդպիսի կառույցները կարող են կառուցված լինել թե՛ սեփական հողամասի վրա, թե՛ համայնքային կամ պետական հողամասում, և այս կարգավորումը վերաբերում է դրանց՝ եթե դրանք կառուցված են մինչև 2021-ի օդային լուսանկարահանման իրականացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում