Գլխավոր Լրահոս

Նոր կուսակցություններ, հին շարժումներ. հայաստանյան ընդդիմության նախընտրական փնտրտուքը

Նոր կուսակցություններ, հին շարժումներ. հայաստանյան ընդդիմության նախընտրական փնտրտուքը

Գևորգ Թոսունյան

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է կես տարի, սակայն ընդդիմադիր դաշտը դեռ վերադասավորումների և ձևաչափերի փնտրտուքի փուլում է։ «Մեր ձևով», «Միասնության թևեր», «Հայաքվե», «Բոլորին դեմ եմ» և այլ նախաձեռնություններ, որոնք ուղիղ կապ չունեն նախկին իշխանությունների հետ, շարունակում են գործել շարժումների տրամաբանությամբ՝ առանց հստակեցնելու, թե ինչ սկզբունքներով են մասնակցելու ընտրություններին։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել բացառապես կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

«Մեր ձևով» շարժման կուսակցական ձևափոխումը

Օրեր առաջ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականտեր Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը ստացել է կուսակցական կարգավիճակ։ Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ ստեղծվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի ղեկավար մարմնում ընդգրկված են շարժման համակարգող խմբի անդամները։ Մասնավորապես, ղեկավար կազմում են Ալեքսա Ալեքսանյանը, որը նախագահն է, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։

Տեղի է ունեցել գործող կուսակցության անվանափոխություն. 2025-ի դեկտեմբերի 8-ին ստեղծված «Հայամետ» կուսակցությունը 2026-ի հունվարի 16-ին վերանվանվել է «Ուժեղ Հայաստան»։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։

«Հայաքվե». ամենաերկարակյաց նախաձեռնությունը

Շարժումներից ակտիվ է «Հայաքվեն», որը հայտնի դարձավ իր օրենսդրական նախաձեռնություններով և ստորագրահավաքներով։ Չնայած քաղաքականացված լինելուն՝ այս միավորումն ունի նաև դիտորդական կազմակերպություն, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում քննարկումների առիթ է տվել, թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։

Շարժման անդամ Ավետիք Քերոբյանի բնորոշմամբ՝ «Հայաքվեն» ազգային-քաղաքացիական միավորում է և «գործող վարչախմբի իրական ընդդիմությունը»։ Ներկաում շարժումը պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցության որևէ ձևաչափի մասին։

«Միասնության թևեր» և «Բոլորին դեմ եմ»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ստեղծած «Միասնության թևեր» շարժումը շարունակում է գրասենյակների բացման գործընթացը, սակայն կուսակցություն հիմնելու հարցում դեռ հստակություն չկա։ Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Արման Թաթոյանը հայտարարել էր վարչապետի պաշտոնին հավակնելու մասին։ 

Մեկ այլ նորաստեղծ նախաձեռնություն է «Բոլորին դեմ եմ» շարժումը, որն իրեն անվանում է «ինքնալուծարվող կուսակցություն»։ Նրանց առաջարկն է մասնակցել ընտրություններին, ձևավորել 100-օրյա կառավարություն, չեղարկել կայուն մեծամասնության դրույթը, իջեցնել ընտրական շեմը և անմիջապես գնալ նոր արտահերթ ընտրությունների։

Շարժումների փորձն ու քաղաքական հետևանքները

2021-ի ընտրություններից հետո Հայաստանում շարժումների թիվն ավելանում է ավելի արագ, քան կուսակցություններինը։ Դրանցից ամենազանգվածայինը 2022-ին մեկնարկած «Դիմադրություն» շարժումն էր, որը կրկնօրինակում էր 2018-ի փողոցային պայքարի մեթոդները։ Սակայն այդ պայքարը չբերեց իշխանափոխության, այլ հանգեցրեց ընդդիմության մասնատմանը. որոշ պատգամավորներ վայր դրեցին մանդատները, իսկ մյուսները շարունակեցին գործունեությունը խորհրդարանում։

Այս տարիներին ձևավորվել են նաև «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը» («Դոն Պիպոյի» նախաձեռնությամբ), «Միասին», «Համախմբում» և այլ նախաձեռնություններ։ Միակ շարժումը, որն արագ վերածվեց կուսակցության և հաջողություններ գրանցեց տեղական ընտրություններում, Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանն» է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում