Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը հայտնել է, որ իր լրագրողներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել։ Լրագրողը ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացրել է։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ իշխանությունը «ռուսական բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու» հոդվածը կիրառել է Ուկրաինայի պատերազմից անկախ թեմայի շուրջ։
«Դոժդ»-ի փոխանցմամբ՝ լրագրող Վալերիա Կիչիգինայի դեմ մեղադրանք է առաջադրվել նրա ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Մոսկվայի շրջանային դատարանը Կիչիգինային մեղադրել է 2008-ի օգոստոսյան պատերազմի մասին նյութ հրապարակելու և Բուչայի մասին հոդված վերահրապարակելու համար։ Ուկրաինայի Բուչա բնակավայրում Ռուսաստանը լայնածավալ ներխուժման առաջին ամիսներին զանգվածային սպանություններ է իրականացրել։
«Դոժդ»-ը նշել է, որ Կիչիգինայի՝ Վրաստանի օկուպացիայի վերաբերյալ մեկնաբանությունները վերաբերում են 2023-ի օգոստոսին արված գրառմանը, որը նվիրված էր պատերազմի 15-ամյակին։ Ըստ հեռուստաալիքի՝ այդ գրառման պահին Կիչիգինան գտնվում էր Ռուսաստանում և երկրից դուրս է եկել միայն երկու շաբաթ անց, սակայն սահմանին նրան չեն հարցաքննել։
Հեռուստաալիքի պնդմամբ՝ նրա դեմ քրեական գործը հարուցվել է 2024-ի նոյեմբերին՝ Ուֆա քաղաքում, իսկ 2025-ի հունվարին իրավապահները խուզարկել են նրա ընտանիքի բնակարանը։ Նույն թվականի մարտին նա «անխտիր ձերբակալվել և հետախուզման մեջ է հայտարարվել»։
«Դոժդ»-ը կարծում է, որ սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները բանակը «վարկաբեկելու» մեղադրանք են առաջադրել անձի նկատմամբ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին չառնչվող քննադատության համար։
Ինքը՝ Կիչիգինան, վստահ է, որ իր դեմ մեղադրանքները կապված են այսպես կոչված «Բայմակի գործի»՝ 2024-ի սկզբին Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի հետ։
«Եթե նրանք հայտնաբերել են 2023-ի պատմություն, որն այդ ամբողջ ընթացքում մնացել է իմ Instagram-ում, ինչո՞ւ ավելի շուտ գործ չեն հարուցել։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ միայն մեկուկես տարի անց և հենց Ուֆայում։ Ես գրանցված եմ Մոսկվայում և 2015-ից ի վեր չեմ բնակվել Ուֆայում»,- «Դոժդ»-ը մեջբերում է Կիչիգինայի խոսքերը։
«Քննիչը միտումնավոր փորձել է իմ դեմ գոնե ինչ-որ բան գտնել և ավելի լավ բան չի գտել, քան Վրաստանի պատերազմը»,- ասել է Կիչիգինան։
Civilnet











