Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մասին։ 21 տարի ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգսյանն իր որոշումը հիմնավորել է պետական լիազոր մարմնի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ առկա տարաձայնություններով և ֆինանսավորման ուշացումներով։
Սարգսյանի պնդմամբ՝ տարիներ շարունակ ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկներն ու բողոքները նախարարության կողմից լուծում չեն ստացել։ Նա նշել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է երկկողմանի կամք, որը պետական մարմնի կողմից չի տեսնում։
«Որոշեցի, որ իմ անձից ձերբազատում եմ մարդկանց։ Միգուցե իմ անձն է խանգարող, որ պետությունը շատ ավելին չի անում այդ մարզաձևերի համար»,- հայտարարել է Սարգսյանը՝ հավելելով, որ իր մասնագիտական գործունեությունը շարունակելու է արտերկրում։
Որպես հրաժարականի անմիջական պատճառ Սարգսյանը մատնանշել է 2026-ի պետական ֆինանսավորման բացակայությունը։ Նրա խոսքով՝ պայմանագրի բացակայության պատճառով արդեն ձախողվել է չորս միջոցառում, այդ թվում՝ Լեհաստանում կայանալիք միջազգային վարկանիշային մրցաշարը։
«Հունվարի 20-ին դեռևս չենք ստացել պետական ֆինանսավորումը։ Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններն անցկացվել են պարտքով, և նույնը շարունակվում է հիմա»,- ասել է նա։
Ֆեդերացիայի նախկին ղեկավարը տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է պատանիների Հայաստանի առաջնությունը, իսկ մեծահասակների առաջնության անցկացումը հարցականի տակ է, քանի որ Միջազգային ֆեդերացիայի (FIS) տեխնիկական պատվիրակներին հնարավոր չէ պատասխանել ֆինանսական անորոշության պատճառով։
***
Իտալիայի Տոբլախ քաղաքում՝ Tour de Ski մրցարշավի ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը մարզահագուստի վրա Ադրբեջան գրվածքը ինքնակպչուն ժապավենով ծածկել էր։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հայ դահուկորդին տուգանել էր գրվածքը ծածկելու համար։
Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիային հարցում են ուղարկել՝ արարքի պարզաբանման համար։ Նա նշել էր, որ «Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է, որ մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»։
Civilnet











