Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մախաչկալայի Սովետսկի շրջանի դատարանը հեռակա կարգով Դաղստանից մարդու իրավունքների պաշտպան և լրագրող Սվետլանա Ամիրովային (Անոխինա) դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ակնհայտորեն կեղծ տեղեկություն տարածելու» մեղադրանքով։ Սահմանված պատիժը տվյալ հոդվածով նախատեսված առավելագույնն է։
Դատավճռի մասին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող APUS նախագիծը։ Քրեական հետապնդման հիմք են հանդիսացել Անոխինայի՝ 2022-ի գարնանը Instagram-ում հրապարակված երկու գրառումները։ Գործի նյութերի համաձայն՝ այդ հրապարակումները վերաբերում էին Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններին, այդ թվում՝ Բուչայի ջարդին, որի ընթացքում ռուս զինվորականները Կիևի մերձակայքում սպանել էին հարյուրավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների։
Անոխինայի դեմ գործը հարուցվել է գրառումների հրապարակումից մոտ մեկ տարի անց, ինչից հետո նա հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ։ Նա Ռուսաստանից հեռացել էր դեռևս 2021-ի հունիսին։
Քննության ընթացքում իրավապահ մարմինները, մարդու իրավունքների կազմակերպությունների գնահատմամբ, կիրառել են «գործընթացային ճնշում» Անոխինայի հարազատների նկատմամբ։ Մասնավորապես, դատարանի թույլտվությամբ գաղտնալսվել է նրա դստեր հեռախոսը։ Բացի այդ, երեք անգամ խուզարկություն է իրականացվել Անոխինայի մոր բնակարանում, որն այդ ժամանակ 95 տարեկան էր։ Քննիչները նաև վերցրել են նրա թքի նմուշը՝ ԴՆԹ փորձաքննության համար։
Սվետլանա Անոխինան լրագրող և մարդու իրավունքների պաշտպան է, որը երկար տարիներ աշխատել է Հյուսիսային Կովկասում։ Նա հայտնի է որպես Marem ճգնաժամային խմբի հիմնադիր, որը աջակցություն է ցուցաբերում ընտանեկան բռնություն վերապրած կանանց, ինչպես նաև որպես «Դափթար՝ Հյուսիսային Կովկասի կանանց տարածք» կայքի գլխավոր խմբագիր։ Նրա նախագծերը կենտրոնացած են ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց աջակցության վրա, այդ թվում՝ ընտանեկան բռնության և հարկադիր ամուսնությունների դեպքերում։
2021-ին Marem ճգնաժամային նախագիծը միջազգային ճանաչում ստացավ՝ Femfest-2021 միջազգային փառատոնում արժանանալով «Տարվա աջակցության նախագիծ» մրցանակին։ Փառատոնը նվիրված է գենդերային գրագիտությանը, ընտրության ազատությանը և մարդկային արժանապատվությանը։
2024-ին Անոխինան ընդգրկվել է BBC-ի կազմած տարվա 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Այդ ցուցակում ներառված են ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և ձեռնարկատերեր, որոնք, կազմողների գնահատմամբ, նպաստել են հասարակական փոփոխություններին, հասել են նշանակալի մասնագիտական հաջողությունների, բացել են նոր ուղիներ իրենց ոլորտներում կամ ոգեշնչել են փոփոխություններ։
Անոխինան Ռուսաստանից հեռացել է 2021-ի ամռանը՝ Մախաչկալայում տեղի ունեցած միջադեպից հետո, որը կապված էր ճգնաժամային իրավիճակի հետ մի բնակարանում, որտեղ ժամանակավորապես բնակվում էր Գրոզնիից երիտասարդ կին՝ Խամիլաթ Թարամովան։ Այդ ժամանակ չեչեն իրավապահները ուժով դուրս էին բերել կնոջը, իսկ բնակարանում գտնվող կամավորներն ու ակտիվիստները ծեծի էին ենթարկվել և տարվել ոստիկանության բաժին։ Այդ իրադարձություններից հետո Անոխինան հայտնել էր, որ իրեն սպառնալիքներ են հասցեագրվել։
Ռուսաստանում «ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություն տարածելու» հոդվածով քրեական գործերը զանգվածաբար սկսել են հարուցվել 2022-ի փետրվարին Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։ Որպես կանոն, հետապնդումները հիմնված են սոցիալական ցանցերում արված գրառումների, լրատվամիջոցներում հնչեցված հայտարարությունների կամ ռուսական զինված ուժերի գործողություններին վերաբերող հրապարակային մեկնաբանությունների վրա։
Պատերազմի առաջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանում 132 մարդ դատապարտվել է ռուսական զինված ուժերի մասին կեղծ տեղեկություն տարածելու կամ բանակը «վարկաբեկելու» համար։ Նրանցից 42-ի նկատմամբ կիրառվել է ազատազրկում։ Նույն ժամանակահատվածում ռուսական դատարանները քննել են 5 հազարից ավել վարչական գործ՝ բանակը «վարկաբեկելու» հոդվածով։
Civilnet











