«Սա պարգևավճար չէ, սա ըստ էության աշխատավարձի բարձրացումն է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով». ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այս կերպ բնութագրեց պետական համակարգում գործող վարձատրության մեխանիզմը՝ հունվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցերին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին պաշտպանեց կառավարության՝ պաշտոնյաների պարգևատրումների վարձատրության քաղաքականությունը՝ այն որակելով որպես «խիզախ քայլ»՝ ուղղված պետական համակարգում որակյալ կադրերի ներգրավմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը՝ հրաժարվելով նախկինում ընդունված կանխիկ հավելավճարների ստվերային պրակտիկայից։
ՍիվիլՆեթի լրագրողի հարցերին ի պատասխան՝ նախարարը նաև անդրադարձավ պետական պարտքի կառավարելիությանն ու սոցիալական ծախսերի հավասարակշռմանը։
Արձագանքելով բարձրաստիճան պաշտոնյաներին միլիոնավոր դրամների հասնող տարեվերջյան պարգևատրումների մասին հրապարակումներին՝ Հովհաննիսյանն ընդունեց, որ գործող համակարգը, ըստ էության, աշխատավարձի բարձրացման գործիք է, քանի որ պետական պաշտոնյաների բազային դրույքաչափերը վերջին 5-6 տարիներին անփոփոխ են մնացել։
Ըստ նախարարի՝ գերատեսչությունները ներդրել են կատարողականի գնահատման պիլոտային համակարգ, որտեղ տարեսկզբին սահմանվում են թիրախներ, իսկ վճարումները կատարվում են դրանց իրագործման արդյունքների հիման վրա։
«Ուղղակի աշխատավարձ բարձրացնելն այդքան էլ ճիշտ չէր լինի։ Մենք ներդրեցինք մի համակարգ, որտեղ լավ կատարողական ունեցողները ստանում են ավելին։ Սա թափանցիկության ճանապարհն է, ի տարբերություն նախկին պրակտիկայի, երբ խնդիրը լուծվում էր «կանխիկ ծրարների» միջոցով»,- նշեց Հովհաննիսյանը։
Նախարարը պարգևավճարների ֆոնդի արդյունավետության հիմնական ցուցիչ համարեց հարկային եկամուտների աճը՝ շեշտելով, որ հավելյալ 300 մլրդ դրամի հարկերի հավաքագրումը մասամբ պայմանավորված է պաշտոնյաների՝ բիզնեսից տարանջատված լինելու և սոցիալական խնդիրներից զերծ մնալու հանգամանքով։
Անդրադառնալով պետական պարտքի անվանական աճին (14,5 մլրդ դոլար) և մտավախություններին, թե նոր վարկերը ծառայում են հին պարտքերի մարմանը կամ ընթացիկ ծախսերին՝ նախարարը հերքեց այդ պնդումը՝ վկայակոչելով գործող հարկաբյուջետային կանոնները։
«Օրենքը մեզ արգելում է պարտք ներգրավել ընթացիկ ծախսերի համար։ Մեր կապիտալ ծախսերը պետք է գերազանցեն պետբյուջեի դեֆիցիտը»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա ներկայացրեց 2025 թվականի նախնական ցուցանիշները, ըստ որոնց՝ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ից պակաս (պլանավորված 5.5%-ի փոխարեն), մինչդեռ կապիտալ ծախսերը գերազանցում են 6%-ը։
Որպես պարտքային միջոցներով իրականացված և հավելյալ արժեք ստեղծող նախագծերի օրինակներ՝ նախարարը մատնանշեց.
- Վեդիի ջրամբարի կառուցումը (ֆինանսավորվել է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկով), որը ապահովելու է ինքնահոս ոռոգում։
- Պաշտպանական համակարգի ամրապնդումը, որին 2025-ին ուղղվել է 412 մլրդ դրամ կապիտալ ծախս։
- Դպրոցաշինությունը, որը նախարարը որակեց որպես երկարաժամկետ կտրվածքով «ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում»։
Պատասխանելով ՍիվիլՆեթի մյուս հարցին, թե ինչպես կփոխվեր բյուջետային քաղաքականությունը, եթե նախարարը ստիպված լիներ ապրել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքով (81,600 դրամ), Հովհաննիսյանը խուսափեց անձնական հուզական գնահատականներից՝ շեշտը դնելով ֆինանսական կայունության վրա։
Նա նշեց, որ թեև սոցիալական ծախսերի կտրուկ ավելացումը գայթակղիչ կարող է թվալ, Ֆինանսների նախարարության խնդիրն է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Որպես օրինակ նա բերեց առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որում ֆինանսների նախարարությունը հետևողականորեն պնդել է զգուշավոր մոտեցման անհրաժեշտությունը՝ համոզված լինելու համար, որ պետությունը կկարողանա երկարաժամկետ կտրվածքով սպասարկել ստանձնած պարտավորությունները։
Արշալույս Մղդեսյան
Civilnet











