Մետաղների ռեկորդային գներն ու Ամուլսարի գործարկումը կգերազանցեն բյուջեի կանխատեսումները. Ֆինանսների նախարար

Ոսկու և պղնձի համաշխարհային գների աճը, զուգակցված Ամուլսարի հանքավայրի նախատեսվող վերագործարկման հետ, դրական ազդեցություն կունենա երկրի ՀՆԱ-ի և հարկային եկամուտների վրա՝ գերազանցելով 2026 թվականի բյուջետային սպասելիքները: Այդ մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ի ասուլիսին։
Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ նախարարը նշեց, որ պետական բյուջեն ծրագրելիս կառավարությունը թանկարժեք մետաղների մասով հիմնվել է ավելի պահպանողական գնային կանխատեսումների վրա: Մասնավորապես, պղնձի գինը հաշվարկվել էր շուրջ 10,000 դոլարի սահմաններում, մինչդեռ շուկայական գինը ներկայում տատանվում է 12,700-13,000 դոլարի միջակայքում: Նույնը վերաբերում է ոսկուն:
«Բնականաբար, ոսկու գնի դրական փոփոխությունն իր ազդեցությունն է ունենալու՝ ի համեմատություն նրա, ինչ պլանավորել ենք բյուջեում»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը՝ նախարարը հայտնեց, որ 2026 թվականի համար կառավարությունը կանխատեսում է 4 տոննա ոսկու արդյունահանում: Թեև նախնական հաշվարկները կատարվել էին ոսկու ավելի ցածր գների պայմաններում (մոտ 4,000 դոլար մեկ ունցիայի դիմաց), ներկայիս գները, որոնք մոտենում են 4,800 դոլարին, ենթադրում են հարկային մուտքերի ավելացում:
Հովհաննիսյանը նաև մեկնաբանեց թանկարժեք մետաղների շուկայում տիրող անկայունությունը: Նրա խոսքով՝ գների ներկայիս աճը պայմանավորված է ոչ թե սպառողական պահանջարկով, այլ հիմնականում աշխարհի կենտրոնական բանկերի` ոսկու մեծածավալ գնումներով:
«Եթե կենտրոնական բանկերի վարքագծում փոփոխություն չլինի, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն»,- հավելեց նախարարը՝ շեշտելով, որ գնային տատանումները կախված են գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացներից:
Ամուլսարի հանքավայրը, որը Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, երկար տարիներ չէր շահագործվում բնապահպանական խնդիրների և հանրային բողոքի ակցիաների պատճառով: Դրա վերագործարկումը, չնայած բնապահպանների մտահոգություններին, դիտարկվում է որպես Հայաստանի տնտեսական աճի և արտահանման ներուժի խթանման առանցքային գործոն:
Արշալույս Մղդեսյան
Civilnet










