Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խուսափեց արձագանքել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հունվարի 21-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետից արձագանք խնդրեց Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի վերաբերյալ, որում նշվում է, որ Ադրբեջանն էականորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության համար։
Փաշինյանը նախընտրեց արձանագրել, որ հիշատակված զեկույցում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան գրեթե անհավանական է։
Վարչապետի համոզմամբ, այսօր պետք է խնամքով վերաբերվել հաստատված խաղաղությանը, միևնույն ժամանակ չկորցնել զգոնությունը։
«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, և հաջողությամբ ենք դա իրականացնում։ ՀՀ-ն երբեք ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու։ Հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- ասաց վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը ձգտում է հենվել միայն դրական բովանդակության վրա։
Հունվարի 20-ին Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցում արձանագրված է, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։
Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։
Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանին առաջարկել էր ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, որով զուգահեռաբար կփակվեն թե՛ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և թե՛ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի թեմաները։
Վարչապետն իր առաջարկը հիմնավորել էր, որ վերադարձի թեման համարում է ոչ իրատեսական ու վտանգավոր, իսկ ադրբեջանական կողմի օգտագործած տերմինաբանությունը՝ անհասկանալի։
Մինչ այս Փաշինյանը չէր խուսափում և հայտարարում էր, որ Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չկա։
Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։
Civilnet











