Գլխավոր Լրահոս

Միասնական երթուղին մնացել է կառավարության ծրագրում․ ինչու է այն հետաձգվում

Միասնական երթուղին մնացել է կառավարության ծրագրում․ ինչու է այն հետաձգվում

Գևորգ Թոսունյան

«Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որի շնորհիվ բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կբարձրանան ուղևորափոխադրումների սպասարկման որակը և վերահսկողության մակարդակը»․ սա կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի դրույթներից մեկն էր։ ՍիվիլՆեթը պարզել է, թե ուր է հասել այս խոստումը և որ համայնքներում է այն ներդրվել։ Համակարգն այս պահին ամբողջությամբ գործարկվել է միայն Կոտայքի, Արագածոտնի մարզերում և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։

Ինչ էր խոստանում կառավարությունը

Կառավարությունը խոստանում էր ներդնել միասնական երթուղային ցանց և ստեղծել դրա համար հարթակ:

«Հարթակից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի, ուղեգծերի մասին: Կանոնավոր ուղևորափոխադրումներում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրոնային եղանակով իրականացնել երթակարգավարական ծառայությունը և վերահսկողությունը, ինչպես նաև ներդնել միասնական տոմսային համակարգ, ինտերակտիվ քարտեզ, ճանապարհային վճարների գանձման և վթարների դեպքում արագ արձագանքման միասնական արդյունավետ էլեկտրոնային համակարգեր»,- ամրագրված էր կառավարության ծրագրում։

2025-ի փետրվարին կառավարությունը գիտակցեց, որ այս ծրագիրը չի կարողանում իրագործել։ Այդ նպատակով բարելավումներ իրականացվեցին, որպեսզի ավելի շատ ընկերություններ շահագրգռված լինեն մասնակցել մրցույթներին։ 

«Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը»,- նշված էր օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ։

Այս փոփոխություններն էլ, սակայն, չշտկեցին իրավիճակը։

Ինչ է ներդրվել հիմա

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում օպերատորների ընտրության մրցույթն արդեն կայացել է, սակայն սպասարկումը կսկսվի միայն 2026-ին՝ տրանսպորտային միջոցները հանձնաժողովի գնահատմանը ներկայացնելուց հետո։ Միևնույն ժամանակ, նույն մարզի Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների համար նախորդ տարիներին հայտարարված մրցույթները չեն կայացել, և նոր մրցույթը նախատեսված է 2026-ի հունվարին։

Առավել խնդրահարույց է իրավիճակը Արարատի մարզում։ Հաղթող ճանաչված կազմակերպությունը դեռևս 2023-ին զրկվել էր սպասարկման իրավունքից՝ պարտավորությունները չկատարելու պատճառով։ 

Թեև դատական վճռով ընկերությանը նոր հնարավորություն էր տրվել, սակայն 2025-ին այն կրկին զրկվել է իրավունքից, և նոր մրցույթը նախատեսվում է հայտարարել 2026-ին։ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով։

Թվայնացում և էլեկտրոնային համակարգեր

«Ստեղծվելու է հարթակ, որտեղից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի, ուղեգծերի մասին»,- այս կետը նույնպես չի իրագործվել։

Երևանի դեպքում, օրինակ, տվյալները ներբեռնվում են «Յանդեքս» համակարգ, սակայն ներմարզային և միջմարզային երթուղիների հաստատված չվացուցակներին ծանոթանալու համար քաղաքացիները պետք է մուտք գործեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք, փնտրեն «չվացուցակներ» ենթաբաժինը, որտեղ էլ երկու տասնյակի հասնող թղթապանակներից ընտրեն իրենց համայնքինը։ Այս թղթապանակներում տեղադրված են համապատասխան որոշումները։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրավոր պատասխանի՝ միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակներում ստեղծվել է երթուղային ցանցի մոդելավորման, օպտիմալ երթուղիների մշակման և վերահսկողության ծրագրային համակարգը, որն այս պահին գործարկման փուլում է:

Կառավարության խոստացած «նորագույն տեխնոլոգիաների» ներդրումը դեռևս գտնվում է գործարկման կամ մշակման փուլերում։ «Route Network» բջջային հավելվածը, որը թույլ կտա քաղաքացիներին ծանոթանալ չվացուցակներին և հետևել երթուղու ընթացքին, դեռ չի գործարկվել։ Էլեկտրոնային տոմսավորման և երթակարգավարական համակարգերը նույնպես ներդրված չեն. դրանք նախատեսվում է գործարկել միայն ծրագրային համակարգի վերջնական ներդրումից հետո։

Վթարների արագ արձագանքման համակարգի անորոշ վիճակը

Խոստացված բաղադրիչներից մեկն էլ վթարների դեպքում արագ արձագանքման համակարգն է, որի ներդրումը նույնպես հետաձգվել է։ Չնայած մշակված տեխնիկական առաջադրանքին և հայտարարված միջազգային մրցույթին՝ գործընթացը կանգ է առել տեխնիկական և ծրագրային ապահովման խնդիրների պատճառով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ համակարգի ներդրման նպատակով հայտարարված միջազգային երկփուլ մրցույթի գնահատման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում ժամկետը հետաձգվել է՝ հաշվի առնելով համակարգի ներդրման տեխնիկական և ծրագրային ապահովման հետ կապված հարցերը:

Ըստ պատասխանի՝ 2025-ին վթարային իրավիճակներում արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի ավտոմատացված համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը կրկին ներկայացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քննարկմանը:

Այս խորհուրդը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. կառավարության կայքի համաձայն՝ այդ խորհուրդը վերջին անգամ նիստ է գումարել 2023-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում