Երևանում բենզա և գազալցակայաններ են ապամոնտաժվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա իրականացված հետազոտությունների արդյունքում Երևան քաղաքում դադարեցվել է երկու լցակայանների գործունեությունը:
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից 2025-ին հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Ռոստովյան 20/2 հասցեում շահագործվող «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում, Դավիթ Բեկ 126/2 հասցեում շահագործվող «Դավիթ Բոբոխյան» ԱՁ-ին պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում:
Հրդեհատեխնիկական հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար: Հիմք ընդունելով արձանագրված վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից տնտեսավարողների հետ իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում թե՛ բենզալցակայանը և թե՛ հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանը տնտեսավարողների կողմից ապամոնտաժվել են:
Թեմա
Civilnet










