Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է երկրում «առողջ» հանրային բանավեճերի վերականգնման անհրաժեշտության մասին։ Սակայն իր հայտարարությունում նա չի անդրադարձել իշխող կուսակցության պատասխանատվությանը բանավեճի մշակույթի քայքայման հարցում, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում են ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ արտերկրում գործող քննադատները։
Կոբախիձեի հայտարարությունը հինգշաբթի կեսօրին հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում։ Բանավեճը բնորոշելով որպես «ժողովրդավարության հենասյուներից մեկը»՝ նա նշել է, թե վերջին տարիներին եվրոպական երկրներում «ոչ ֆորմալ կառավարիչները» զգալի ռեսուրսներ են ծախսել այն վերացնելու համար։
Նրա խոսքով՝ այդ գործընթացը սկիզբ է առել 2008-ից հետո, երբ, ինչպես ինքն է ձևակերպել, «գործակալների կողմից ղեկավարվող կառավարումն ու կեղծ լիբերալ արժեքները» խոր արմատներ են գցել աշխարհամասում։
Կոբախիձեն չի հստակեցրել, թե կոնկրետ որ քաղաքական ուժերին է մեղադրում Եվրոպայում հանրային բանավեճի քայքայման համար, սակայն կրկին օգտագործել է «խորը պետություն» եզրույթը՝ մշուշոտ ձևակերպում, որով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նկարագրում է, իր պնդմամբ, ստվերային ուժերին, որոնք փորձում են խարխլել Վրաստանի պետականությունը, տապալել կառավարությունը և երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Կոբախիձեի խոսքով՝ «այլախոհության ճնշման» գործընթացը մասամբ անդրադարձել է նաև Վրաստանի վրա, որտեղ, ըստ նրա, «խորը պետության գործակալներին» հաջողվել է փակել հանրային բանավեճի տարածքը։ Նա առանձնահատուկ նշել է ընդդիմադիր Նիկա Գվարամիային և արդեն փակված ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության հիմնադրին, որը նախկինում ղեկավարել է Վրաստանի խոշոր մասնավոր հեռուստաալիքներից մեկը՝ «Ռուսթավի 2»-ը։
«Գվարամիան հաջողությամբ իրականացրել է իր հանձնարարությունը․ նա հաստատել է սուտը, վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը և հիստերիան որպես մեդիա ստանդարտներ՝ ի վերջո ստեղծելով այնքան թունավոր մեդիա միջավայր, որ նորմալ, առողջ մարդիկ այլևս չեն ցանկանում մասնակցել այնպիսի բանավեճերի, որոնք անխուսափելիորեն ավարտվում են վիրավորանքներով», — ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունն ունի պարտավորություն «շտկելու այս անառողջ իրավիճակը» և վերականգնելու հանրային բանավեճերը Վրաստանի քաղաքացիների համար։
Նույն օրը ավելի ուշ, իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքով ելույթ ունենալիս, Կոբախիձեն նշել է կոնկրետ ժամկետ՝ ասելով, որ «այս գործընթացը պետք է սկսվի շատ շուտ՝ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում»։
«Մեր կարծիքով պետք է լինեն որոշ ձևաչափեր, և տարբեր կողմերի միջև առաջին բանավեճերը պետք է արդեն տեղի ունենան»,- ասել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Բանավեճերը արգելել է ոչ թե խորը պետությունը, այլ Վրացական երազանքը»
Կոբախիձեի հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ ընդդիմադիր մեդիաները նախկինում բազմիցս հայտնել էին, որ իշխանությունները համակարգված բոյկոտում են իրենց հաղորդումները, մինչդեռ իշխանամետ մասնավոր ալիքները կամ ընդհանրապես չեն հրավիրում ընդդիմադիր գործիչների, կամ նրանց ներառում են միայն առանձին, դեմ առ դեմ հարցազրույցների ձևաչափով։
Քաղաքական թոք-շոուի հաղորդավարուհի Ինգա Գրիգոլիայի համար, որը ներկայում ղեկավարում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի «Ռեակցիա» հաղորդումը, Կոբախիձեի բացատրությունները «ծիծաղելի» են։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները տարիներ առաջ դադարել են մասնակցել իր հաղորդմանը, ինչպես նաև ալիքի այլ ծրագրերի։
«Ե՛վ ես, և՛ մեր ալիքի ներկայացուցիչները բազմաթիվ փորձեր ենք արել որևէ կերպ պահպանել բանավեճերը երկրում»,- OC Media-ի հետ հեռախոսազրույցում ասել է նա։
«Ոչ թե «խորը պետությունն» է արգելել բանավեճերը, այլ Վրացական երազանքը»,- հավելել է Գրիգոլիան։
Նրա համոզմամբ՝ ալիքի նկատմամբ իշխանությունների բոյկոտը խորացել է այն պահից, երբ TV Pirveli-ն սկսել է շաբաթական հետաքննական լրագրության ծրագիր, որը պարբերաբար բացահայտել է պետական կոռուպցիան և նեպոտիզմը։ Ծրագրի առաջին թողարկումը եթեր է հեռարձակվել 2020-ի մայիսի վերջին։
«Հենց հետաքննությունները սկսվեցին, շատ արագ՝ եթե չեմ սխալվում, գրեթե անմիջապես, որոշում ընդունվեց, որ նրանք այլևս չպետք է գան մեր ալիք, որովհետև դա համարում էին անընդունելի»,- նշել է Գրիգոլիան։
Նա հիշել է, որ սկզբում իշխանության ներկայացուցիչները պատճառաբանում էին, թե չեն կարող գալ, զբաղված են կամ հասանելի չեն, իսկ ավելի ուշ ուղղակի հայտարարել են, որ այլևս չեն մասնակցելու։ «Մեր կողմից իսկապես անթիվ փորձեր են եղել»,- ասել է նա։
Գրիգոլիան պատմել է նաև, որ 2021-ի հունիսին, երբ Կոբախիձեն արդեն կուսակցության ղեկավարն էր, ինքը անձամբ հանդիպել է նրա հետ՝ խնդրելով դադարեցնել բոյկոտը։ Հանդիպումը հաջող է անցել, և հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները կրկին սկսել են մասնակցել ալիքի հաղորդումներին։
Սակայն դա դադարել է հուլիսի 5-ից հետո, երբ հոմոֆոբ խմբերը բռնության են ենթարկել լրագրողներին Թբիլիսիի կենտրոնում նախատեսված «Փրայդի» միջոցառման լուսաբանման ընթացքում։ Մի քանի օր անց մահացավ TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որը ծեծի էր ենթարկվել այդ հարձակումների ժամանակ։ Շատ քննադատներ, այդ թվում՝ լրագրողներ, պատասխանատվությունը դրել են պետության և այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վրա։
«Հուլիսի 5-ից հետո կամուրջները վերջնականապես այրվեցին։ Նրանք այլևս ցանկություն չունեին վերանայելու բոյկոտի որոշումը, և անկեղծ ասած՝ ես էլ այլևս չեմ փորձել»,- ասել է Գրիգոլիան։
Ի՞նչ բանավեճեր և ո՞ւմ հետ
Կոբախիձեի հայտարարություններից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր մեդիաների ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել վերադառնալ հանրային բանավեճերի ձևաչափին։
«Անձամբ քեզ հետ՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած ժամանակ»,- Ֆեյսբուքում գրել է ընդդիմադիր «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ նշելով Կոբախիձեին։
«Ազատության հրապարակ» կուսակցության ղեկավար Լևան Ծուցկիրիձեն նույնպես արձագանքել է՝ դիմելով իշխող կուսակցությանը. «Եթե իսկապես ուզում եք բանավեճեր, եկեք նստենք ցանկացած հարթակում»։ Այնուհետև նա թվարկել է այն հարցերը, որոնց պետք է պատասխանեն իշխանության ներկայացուցիչները, եթե բանավեճերը կայանան։
«Դուք ստիպված կլինեք բացատրել, թե ինչու են քիմիական միջոցներ կիրառվել այլախոհ քաղաքացիների դեմ և ինչու երկրում այսքան շատ քաղբանտարկյալ կա»,- գրել է Ծուցկիրիձեն՝ հիշատակելով 2024-ին Թբիլիսիի բողոքի ցույցերի բռնի ցրումն ու հակակառավարական գործիչների, ակտիվիստների, ցուցարարների և լրագրողների ձերբակալությունները։
«Ցանկանո՞ւմ եք խոսել կայունության մասին։ Այդ դեպքում պետք է ընդունեք, որ ձեր իշխանությունը հիմնված է ճնշումների, խոշտանգումների, ահաբեկման և նվաստացման վրա, և որ դուք օտարել եք բոլոր ուժեղ գործընկերներին՝ երկիրը մեկուսացած թողնելով Ռուսաստանի դիմաց»,- հավելել է նա։
Չնայած Կոբախիձեի կողմից բանավեճի մշակույթի գովաբանմանը՝ իշխող կուսակցության հետագա հայտարարությունները հարցեր են ծնում այն մասին, թե որքան բաց են նրանք իրականում բանավեճերի համար, ում հետ և ինչ հարթակներում։
«Բնականաբար, մենք ոչինչ չունենք քննարկելու արմատականների, ծայրահեղականների կամ քաղաքական ահաբեկիչների հետ՝ ո՛չ հանրության առջև, ո՛չ նրանց հետ»,- ասել է Վրացական երազանքի պատգամավոր Լևան Մախաշվիլին՝ օգտագործելով այն բնորոշումները, որոնք իշխանությունները հաճախ կիրառում են իրենց ընդդիմախոսների նկատմամբ։
«Այս նախաձեռնությունը վերաբերում է նվիրյալ բոլոր այն մարդկանց, որոնց համար կարևոր է երկրի ավելի լավ ապագան։ Մենք պատրաստ ենք նման քննարկումների»,- հավելել է նա՝ առանց հստակեցնելու, թե ում է «Վրացական երազանքը» համարում այդ խմբի մաս։
TV Pirveli-ի լրագրողի հարցին՝ ինչպես պետք է հասկանալ իշխող կուսակցության այս հայտարարությունները, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ ալիքը «կապված է ստի և կեղծիքի հետ»։
«Եթե ուզում եք հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, դուք պետք է շտկեք այդ ամենը»,- ասել է նա։
Կալաձեն նաև նշել է, որ «քննարկումն ու բանավեճը պետք է ընթանան պատշաճ ձևով՝ քաղաքակիրթ սահմաններում, ոչ թե հայհոյանքների, վիրավորանքների կամ ֆիզիկական բախումների միջոցով»։
Գրիգոլիան նշել է, որ պատրաստ է սկսել բանավեճեր իր հաղորդման շրջանակում, սակայն ոչ այն թեմաներով և ոչ այն ընդդիմախոսների հետ, որոնք կընտրի իշխող կուսակցությունը։
Բանավեճերի մշակույթի վերականգնման շուրջ քննարկումները տեղի են ունենում Վրաստանում արդեն տարիներ շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում, որը բխում է կառավարության հակաժողովրդավարական ընթացքից և ավտորիտարիզմի ուղղությամբ շեղումից։
2024–2025-ին ընդունված բազմաթիվ օրենքներով իշխող կուսակցությունը թիրախավորել է անկախ մեդիան, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, քաղաքական ընդդիմությանը և փողոցային բողոքի ցույցերը։
Այն բանից հետո, երբ կառավարությունը 2024-ի նոյեմբերին հայտարարեց ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցման մասին, տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ, մի շարք ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև մեդիայի ներկայացուցիչ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել և ենթարկվել են քրեական հետապնդման։
Civilnet











