Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում «պատարագի» է մասնակցել։
Թեմի հոգևոր հովիվ տեր Հայկին թույլ չեն տվել իրականացնել իր հոգևոր ծառայությունն ու մատուցել պատարագը, փոխարենն այն մատուցել է կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը(նախկինում՝ Տեր Թադե քահանա):
Նա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել 2025-ի դեկտեմբերի 3-ին՝ Հայ Եկեղեցին և եկեղեցականներին վարկաբեկելու, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու և այլ հակաեկեղցական գործողությունների համար։
Թեմի հոգևոր հովիվն այսօր եկեղեցուց հեռանալուց առաջ լրագրողի հետ զրույցում ասաց, որ գնում է Մաստարայում պատարագ մատուցելու ու կբարձրաձայնի հայոց հայրապետի անունը։
***
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։
Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հարաբերությունները առանձնապես սրվել են 2025-ի մայիսից, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցեց Արցախի վերաբերյալ միջազգային ժողովի։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավ է սկսել։ Մի քանի բարձրաստիճան եկեղեցական տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։
Civilnet











