ՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացողի որակազրկումը։
Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի առաջին փուլում Հայաստանը հունվարի 22-ին 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինային։
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան խաղից հետո բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ(Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն)՝ պնդելով, որ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Նևեդրովը մրցակցի հասցեին վիրավորական («լոխ») արտահայտություն է թույլ տվել։ ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը նախնական որոշմամբ ֆուտզալիստին որակազրկել էր մեկ խաղով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 24-ին հայտնել էր, որ դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը։
«ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց՝ ուկրաինական կողմի բողոքի պնդումներն անհիմն են։ Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,- նշված էր ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունում։
Armsport.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներկայացված փաստարկներից և տեսաապացույցներից հետո, որոնք հաստատել են, որ Նևեդրովը նման բառ չի արտաբերել, ՈւԵՖԱ-ն որոշել է չեղարկել որակազրկումը։
Ֆուտզալիստի նկատմամբ կիրառվել է մեկ տարով պայմանական որակազրկում։ Եթե սահմանված փորձաշրջանում նա թույլ տա կարգապահական խախտում, ապա կենթարկվի երկու խաղով որակազրկման։
Ըստ հայկական սպորտային լրատվականների՝ լարվածությունը դեռևս հանդիպման մեկնարկից առաջ առաջացրել է հենց ուկրաինական կողմը։ Թեև ֆուտզալում ընդունված կարգ է մարզիչների և խաղացողների նախախաղային ձեռքսեղմումը, ուկրաինական կողմը հրաժարվել է սեղմել այն ֆուտզալիստների ձեռքը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում։
Civilnet











