Հայաստանի բազմաբնակարան շենքերի 70-80%-ը կառուցվել է մինչև 1980 թվականը և չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության արդի պահանջներին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում կառուցվող նոր շենքերը կազմում են ընդհանուր բնակֆոնդի ընդամենը 2%-ը։ Ըստ նրա՝ սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է խթանել շինարարության տեմպերը։
«Այս տեմպերով մենք քանի տարի պետք է կառուցապատում իրականացնենք, որ գանք մի մակարդակի, երբ 50-60 տոկոսը կլինի այսօրվա մեր սեյսմիկ պահանջներին համապատասխանող մակարդակի վրա», - ընդգծեց կոմիտեի նախագահը։
Վարդանյանը հայտնեց, որ հաստատվել է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը, որը նախատեսում է յուրաքանչյուր շենքի մուտքի մոտ QR կոդերի տեղադրում։ Կոդը սկանավորելիս հասանելի է դառնում շենքի տեխնիկական անձնագիրը, որը ներառում է տվյալներ սեյսմակայունության, էներգաարդյունավետության մակարդակի և տեխնիկական վիճակի հետազոտության արդյունքների վերաբերյալ։
Այս փուլում անձնագրավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով, սակայն նախատեսվում է անցում կատարել պարտադիր կիրառության և ստեղծել միասնական թվային ռեեստր։
«Այս ամբողջ փաստաթղթավորումն իրականացրել ենք, կփոխանցենք և կվերապատրաստենք բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարիչներին։ Այս պահին կամավորության սկզբունքով ենք դրել, բայց հետագայում մտածում ենք անցնել պարտադիր կիրառության և ստեղծել թվային ռեեստր և յուրաքանչյուր շենքի մուտքերի մոտ փակցնել QR կոդեր, որ ցանկացած քաղաքացի, սեփականատեր, գնորդ, երբ սկանավորի այդ QR կոդը տեսնի այդ շենքի տեխնիկական անձնագիրը և դրանից բխող իր որոշումները կայացնի»,- ասաց կոմիտեի նախագահը։
Քաղաքաշինության կոմիտեի 2025-ի հաշվետվության համաձայն՝ շինհրապարակների կազմակերպման համար սահմանվել են «Շինարարական արտադրության կազմակերպում» նորմի խիստ պահանջներ, որոնք ուղղված են մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը։ Այսուհետ պարտադիր է, որ շինհրապարակի ներսի ճանապարհները լինեն բետոնապատ, իսկ տրանսպորտի շարժի համար չնախատեսված հողային մակերեսները՝ խճապատված, ինչը թույլ կտա կանխել փոշու տարածումը քամու կամ աշխատանքների ընթացքում։ Բացի այդ, սահմանվել է փոշեզսպիչ և ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառման պարտադիր պահանջ։ Անվտանգության կանոնների պահպանման նպատակով համապատասխան նորմերը թարգմանվել են անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ շինհրապարակներում ներգրավված օտարերկրյա աշխատողներին պատշաճ իրազեկելու համար։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ շինարարության որակի վերահսկման նպատակով ներդրվել է կազմակերպությունների վարկանիշավորման ինքնաշխատ համակարգ, որը բաղկացած է չորս մակարդակից՝ ցածրից մինչև բարձրագույն։ Վարկանիշը ձևավորվում է առանց մարդկային գործոնի միջամտության՝ հիմնվելով կազմակերպության հարկային կարգապահության, ֆինանսական վարքագծի և նախկինում իրականացված ծրագրերի որակի ու ժամկետների վրա։ Ցածր վարկանիշ ունեցող ընկերությունների համար սահմանվելու են սահմանափակումներ, օրինակ՝ մեկից ավելի պետական օբյեկտ վերցնելու արգելք, իսկ բարձր վարկանիշ ունեցողների համար կգործեն խրախուսման մեխանիզմներ, այդ թվում՝ բանկային երաշխիքի պահանջի վերացում։ 2026-ի ընթացքում նախատեսվում է նաև տեղայնացնել որակի ապահովման եվրոպական թվային հարթակը, որը թույլ կտա ինստիտուցիոնալ մակարդակով բացառել անորակ շինարարությունը։
Civilnet











