Գլխավոր Լրահոս

Վրաստանում «ֆաշիստա-նացիստական» խմբի գործով ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանում «ֆաշիստա-նացիստական» խմբի գործով ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս չորս անձի մեղադրանք է առաջադրել զանգվածային բռնության գործով, որը վերաբերում է մի խմբի, որի անդամները, ըստ իրավապահների, կրում են «ֆաշիստա-նացիստական գաղափարախոսություն»։ Ինչպես գործով մյուս մեղադրյալները, այս չորս անձինք ևս մեղադրվում են մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թիրախավորելու մեջ՝ նրանց կենսակերպի և ինքնության պատճառով։

Գլխավոր դատախազությունն ուրբաթ օրը հրապարակել է գործի վերաբերյալ վերջին տեղեկությունը՝ նշելով, որ խմբի անդամները նախապես ընտրել են զոհերին՝ տարբեր հայացքների, սեռական կողմնորոշման և ինքնության հիման վրա։ Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալները այնուհետև խմբերով հարձակվել են ընտրված անձանց վրա, նվաստացրել նրանց, հափշտակել անձնական իրերը և ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական բռնության և խոշտանգումների։

«Նրանք նաև տեսանկարահանել են բռնության դրվագները և տարածել դրանք սոցիալական ցանցերում ու փակ խմբերում՝ պատճառելով զոհերին ծանր ֆիզիկական, հոգեբանական և բարոյական տառապանքներ»,- ասված է հայտարարությունում։

Դատախազության փոխանցմամբ՝ բոլոր չորս կասկածյալներն արդեն իսկ կալանքի տակ են՝ այլ քրեական գործերով դատապարտված լինելու պատճառով։ Նշվում է նաև, որ քննությունը շարունակվում է՝ գործին առնչվող այլ անձանց հայտնաբերելու նպատակով։

Ընդհանուր առմամբ գործով մեղադրանք է առաջադրվել 22 անձի։ Հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր առաջին 16 կասկածյալների ձերբակալության մասին, որոնց թվում եղել են 10 անչափահաս, և հրապարակել էր ցնցող տեսանյութեր այն բռնության և նվաստացումների մասին, որոնք, ըստ քննության, իրականացվել են նրանց կողմից։

Նախարարությունը նշել էր, որ խմբի անդամներն իրենց անվանել են նեոնացիստներ և ցուցաբերել են «արմատական վերաբերմունք» զոհերի նկատմամբ՝ «իրենց ազդեցությունը մեծացնելու և ճանաչում ձեռք բերելու» նպատակով։

«Նրանք առանձնակի դաժանությամբ են հարձակվել նրանց վրա, ովքեր համաձայն չեն եղել իրենց գաղափարախոսության հետ»,- նշվում է հայտարարությունում՝ հավելելով, որ ավելի քան 10 զոհերից չորսը անչափահաս են եղել։

«Կասկածյալների անձնական և բնակարանային տարածքներում իրականացված խուզարկությունների ընթացքում իրավապահները առգրավել են բջջային հեռախոսներ, դիմակներ, տարբեր էլեկտրոնային սարքեր, նացիստական խորհրդանիշներ պարունակող իրեր, ինչպես նաև բութ և սուր զենքեր»,- հավելել է նախարարությունը։

Մեղադրյալների նկատմամբ քննություն է իրականացվում երեք հոդվածով՝ այդ թվում խմբակային բռնության կազմակերպում և մասնակցություն, ավազակային հարձակում և անչափահասի խոշտանգում խմբի կողմից։

Հունվարի 22-ին հաղորդվել է ևս երկու անձի ձերբակալության մասին։ Ի տարբերություն մյուսների՝ նրանք չեն մեղադրվում ավազակային հարձակման մեջ, սակայն նրանց առաջադրվել է անչափահասի նկատմամբ խմբով անմարդկային վերաբերմունքի մեղադրանք։ Մնացած երկու հոդվածները՝ խմբակային բռնություն և անչափահասի խոշտանգում, պահպանվել են։

Այս գործը հաջորդել է մեկ այլ բարձրաձայն դատավարության, որի շրջանակում կասկածյալներին քննիչները բնութագրել էին որպես ֆաշիստական գաղափարախոսություն կրողներ։ 2025-ի հուլիսին Թբիլիսիում ձերբակալվել էր ինն անձ, այդ թվում՝ վեց անչափահաս, որոնք մեղադրվում էին 15-ամյա տղայի վրա դաժան հարձակման մեջ։

Դեկտեմբերին դատարանը երեք չափահաս մեղադրյալներին դատապարտել էր յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման, 16-18 տարեկան երեք մեղադրյալներին՝ յոթուկես տարվա, իսկ 16 տարեկանից ցածր ևս երեք անձանց՝ վեց տարի ու ութ ամիս ազատազրկման։

Բոլոր մեղադրյալները, բացի մեկից, մեղադրվել են անչափահասին խմբով, գիտակցաբար անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկելու մեջ։ Բացառությունը, ըստ տեղական լրատվամիջոցների, եղել է ամենամեծը՝ 30-ամյա Լևան Աբեսաձեն, որին դատախազությունը մեղադրել է հանցագործությունը կազմակերպելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում