Հունվարի 26-ին Ստրասբուրգում ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որն, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնում է նաև Ադրբեջանում պահվող 23 հայ գերիներին։ ԵԽԽՎ-ն կոչ է անում նրանց անհապաղ ազատ արձակել։
Փաստաթղթում խոսվում է անդամ երկրներում ժողովրդավարական պարտավորությունների կատարման մասին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Բանաձևի՝ Հայաստանին վերաբերող հատվածում Վեհաժողովն ափսոսանք է հայտնում երկրում առկա «չափազանց մեծ բևեռացման և քաղաքական հակառակորդներին բոլոր կողմերից պիտակավորելու» երևույթների համար։ Բացի այդ, հեղինակները խորապես մտահոգված են Հայաստանի վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկություններով։
Միևնույն ժամանակ Վեհաժողովը վերահաստատել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում անցկացված երեք հաջորդական ընտրությունները եղել են զերծ անճշտություններից։ Այդուհանդերձ, 2026-ի հունիսին կայանալիք համապետական ընտրությունների համար կոչ է արվում բարելավել հարաբերությունները քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև՝ զերծ մնալով անձնական վիրավորանքներից ու ատելության խոսքից։
Ադրբեջանի մասով ԵԽԽՎ-ն արձանագրում է մարդու իրավունքների վիճակի հետագա վատթարացում և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների թվի աճ։ Բանաձևը հստակ պահանջ է դրել պաշտոնական Բաքվի առջև՝ դադարեցնել քաղաքական հակառակորդների նկատմամբ կիրառվող պատժիչ հետապնդումները։ Վեհաժողովը հորդորում է իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով, ներառյալ՝ 23 հայ ձերբակալվածներին, իրավապաշտպաններին և «Abzas Media»-ի գործով անցնող լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին։
Ընդհանուր տարածաշրջանային համատեքստում ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Ըստ բանաձևի՝ սա ճանապարհ է հարթում երկարատև հակամարտության վերջնական կարգավորման համար և խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Վեհաժողովը կոչ է անում երկու կողմերին ամբողջությամբ վավերացնել խաղաղության պայմանագիրը։
Civilnet











