Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներին. ԱԳ նախարար

Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Ժան-Նոել Բարոն և Հաքան Ֆիդանը հունվարի 27-ին Անկարայում կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորոմը։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի ներսում խորացող տարաձայնությունների ֆոնին։
Ըստ թուրքական Daily Sabah թերթի՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսին Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ սահմանների բացումը և տարածաշրջանային կապուղիների զարգացումը կարող են դառնալ երկարաժամկետ կայունության և բարգավաճման կարևոր նախապայման։
Ըստ շրջանառվող լուրերի՝ փետրվարի 1-ին հայ-թուրքական սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թվականի հուլիսին:
Թուրք-ֆրանսիական բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը, մինչդեռ, ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի և Փարիզի համագործակցության խորացումն ու եվրոպական անվտանգության ամրապնդումն էր, ինչպես նաև կանգ առած Թուրքիա–ԵՄ գործընթացների առաջ մղումը։
Թուրքիան ԵՄ թեկնածու է 1999 թվականից, լիարժեք անդամակցության բանակցություններն սկսվել են 2005-ին։ Սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես ռազմավարական կամուրջ և խթան երկրի ներսում բարեփոխումների համար։ Սակայն վերջին տարիներին գործընթացը պաշտոնապես սառեցված է՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված խնդիրների, Կիպրոսի հարցի և որոշ անդամ պետությունների քաղաքական դիմադրության պատճառով։ Ներկայում Թուրքիան շարունակում է պաշտոնապես ԵՄ թեկնածու մնալ, սակայն իրական առաջընթաց չկա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ երկու երկրները, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, հատուկ պատասխանատվություն ունեն եվրոպական անվտանգության հարցում։ Նրա խոսքով՝ Անկարան և Փարիզը պետք է ավելի հաճախ համակարգեն դիրքորոշումները և միասին աշխատեն անվտանգության ոլորտում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն սահմանել Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու նկատմամբ։ Այս հայտարարությունը, որը հիմնավորվում է ԱՄՆ-ի «ազգային անվտանգության և ռազմավարական շահերով», լուրջ դժգոհություն է առաջացրել ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում։ Այս ֆոնին Եվրոպայում, մասնավորապես, Ֆրանսիայում, ավելի ակտիվ են հնչում Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը խորացնելու կոչերը։ Փարիզը պնդում է, որ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը ԱՄՆ-ից՝ հատկապես անվտանգության և պաշտպանության ոլորտներում, և ձևավորի սեփական քաղաքական ու ռազմական կարողությունները։ Ֆրանսիայի իշխանությունների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ներսում աճող տարաձայնությունները և Վաշինգտոնի անկանխատեսելի հայտարարությունները վերահաստատում են այն մոտեցումը, որ Եվրոպան պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իր շահերն ու անվտանգությունը։
Բանակցությունների ընթացքում լայնորեն քննարկվել են տարածաշրջանային այլ ճգնաժամեր՝ Ուկրաինան, Սիրիան, Գազան, Իրանը և Միջերկրածովյան անվտանգությունը։ Ֆիդանը շեշտել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի շարունակության կարևորությունը՝ հակաահաբեկչական պայքարը համարելով ընդհանուր առաջնահերթություն։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին՝ Անկարան և Փարիզը հետևողականորեն փորձում են ընդհանուր եզրեր գտնել երկխոսության և համագործակցության միջոցով՝ բնութագրելով երկկողմ հարաբերությունները որպես ինտենսիվ և ռազմավարական։
Civilnet










