Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որին հաջորդել է կաթողիկոսի այցը Եռաբլուր, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հանրապետական մաղթանքի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի երկիրը և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը», - ասված է հաղորդագրությունում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում հավաքված լրագրողների հարցերին չի պատասխանել՝ հորդորելով չխաթարել օրվա խորհուրդը։
«Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար, թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել ավելորդ հարցումներով», - ասել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։
Civilnet











