Գլխավոր Լրահոս

Ըստ Մոլդովայի նախագահի՝ «Ռուսաստանը Վրաստանին հետ է քաշել իր ազդեցության դաշտ»

Ըստ Մոլդովայի նախագահի՝ «Ռուսաստանը Վրաստանին հետ է քաշել իր ազդեցության դաշտ»

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանը Վրաստանին հետ է քաշել իր ազդեցության դաշտ»՝ նշելով, որ Կրեմլը Հայաստանի նկատմամբ այսօր կիրառում է նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառել է Թբիլիսիի դեմ։

Այս մասին Սանդուն խոսել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ընթացքում։

Խոսելով «Ռուսաստանի ռազմական ագրեսիայի և հիբրիդային գործողությունների» մասին՝ Մայա Սանդուն նշել է, որ դրանք ուղղված են Եվրոպան թուլացնելուն, վերահսկելուն և բաժանելուն։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջին երկու տարիներին Մոլդովայում ընտրական գործընթացներին միջամտելու Մոսկվայի փորձերին։ Սանդուի խոսքով՝ ինքը հպարտ է, որ Մոլդովան կարողացել է դիմակայել այդ «հարձակմանը», և դա հնարավոր է դարձել հասարակության միասնական ջանքերի շնորհիվ։

Այնուհետև Սանդուն անդրադարձել է Վրաստանին։ Նա ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանը Վրաստանին վերադարձրել է իր ազդեցության դաշտ»։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել պատերազմի վախը զենքի վերածելու միջոցով։ Նա նշել է, որ հասարակությանը փոխանցվել է ուղերձ, թե ընտրական սխալ որոշումը կարող է հանգեցնել խաղաղության կորստի։

Անդրադառնալով Վրաստանի հարևաններին՝ Սանդուն նշել է, որ «այժմ նույն ռազմավարության թիրախ է դառնում նաև Հայաստանը»։ Նրա խոսքով՝ այդ ռազմավարությունը նպատակ ունի թուլացնել ինքնիշխանությունը, ազդել ժողովրդավարական ընտրությունների վրա և շահարկել խոցելի թեմաները։

«Մենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին ենք՝ այս ճնշումներին դիմակայելու և իրենց ժողովրդավարական ապագան պաշտպանելու ճանապարհին»,- հավելել է նա։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մերժել է Սանդուի հայտարարությունները։ Պատգամավոր Լևան Մախաշվիլին խորհուրդ է տվել նրան «զբաղվել իր երկրի խնդիրներով և փրկել այն ոչնչացումից»։ Նա նաև ասել է, որ Սանդուն և «նրա գործընկերները» իրենց հիմնական նպատակը դարձրել են «Վրաստանի հեղինակության վնասումը»։

Սանդուի հայտարարություններին արձագանքել է նաև նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարած «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Կուսակցությունը նշել է, որ հարգում է Մոլդովայի նախագահին և ընդունել է, որ Վրաստանը իսկապես հետ է ընկել իր եվրոպական և եվրատլանտյան ուղուց՝ կառավարության «գիտակցված վնասակար և ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականության» պատճառով։

Սակայն կուսակցությունը համաձայն չի Սանդուի ձևակերպման հետ։

«Վրաստանի վերադարձը Ռուսաստանի ազդեցության դաշտ ներկայացնելը որպես ավարտված փաստ անտեսում է վրաց ժողովրդի պատմական ընտրությունը և հասարակության մեծամասնության ամուր եվրոպական կողմնորոշումը։ Այն նաև թուլացնում է մեր երկրի և մեր բարեկամների համատեղ ջանքերը՝ վերջապես ազատվել ռուսական ազդեցությունից և դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։

Վրաստանում ժողովրդավարական հետընթացի ֆոնին Մայա Սանդուն բազմիցս քննադատել է երկրի իշխանություններին և աջակցություն հայտնել հակակառավարական շարժմանը, ինչը դժգոհություն է առաջացրել իշխող կուսակցության և նրա դաշնակիցների շրջանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում