Եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Անցյալ գարնանը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկնարկեց Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը։ Կառավարության և Ազգային ժողովի աջակցությունն ընդգծում է, որ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Սա արտահայտում է հայ ժողովրդի ժողովրդավարական կամքն՝ ապահովելու մեր ապագան եվրոպական ազգերի ընտանիքում՝ որպես մեր արժեքների և ինքնության իսկական արտացոլում։ Մեկ այլ կարևոր հանգրվան գրանցվեց նախորդ դեկտեմբերին, երբ Բրյուսելում ընդունվեց Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և մեր գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական մակարդակի»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ այժմ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ոլորտային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
«Ոլորտային ինտեգրացիա, վիզաների ազատականացում և մասնակցություն բազմաթիվ ծրագրերին։ Հուսանք՝ կշարունակենք մեր համատեղ ջանքերը»,- ասել է ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանի ամուր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանը սահմանում են հայաստանի՝ որպես պետության բնութագիրը։
«Այսօր մենք վերահաստատում ենք այն ընտրությունը, որը կատարել ենք 25 տարի առաջ։ Անում ենք դա՝ գիտակցելով, որ խաղաղության և ժողովրդավարության մեր ճանապարհը դեռ շատ փորձություններ է ունենալու, որ արտաքին ճնշումները կփորձեն շեղել մեզ, և որ առջևում գտնվող ճանապարհը հեշտ չի լինի։ Բայց մենք նաև գիտենք, որ այս ճանապարհով մենակ չենք գնում։ Սա գիտեն Հայաստանի քաղաքացիները։ Եվրոպայի խորհուրդը և այս Վեհաժողովը կանգնած են մեր կողքին։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունն այս գործընկերության, այս համերաշխության և այն համատեղ հավատքի համար, որ մեր ընդհանուր արժեքներն արժանի են պաշտպանության»,- ասել է Միրզոյանը։
Civilnet











