Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. այսպիսի հայտարարոթյուն նա արեց հունվարի 29-ին ճեպազրույցի ընթացքում։
«Կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար», - ասաց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 10-ին հանդես է եկել առաջարկով՝ ստեղծելու համակարգող խորհուրդ, որը կզբաղվի կաթողիկոսական նոր ընտրությունների կազմակերպման ուղղությամբ քայլերի մշակմամբ և իրականացմամբ։ Ավելի վաղ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նշելով, որ եթե հաստատվի, թե Գարեգին Բ-ն խախտել է այդ ուխտը և ունի երեխա, ապա նա չի կարող շարունակել զբաղեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնը։
Ի պատասխան՝ եկեղեցական շրջանակները վարչապետին մեղադրում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավ նախաձեռնելու մեջ։
2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարություն են տարածել՝ նվիրված Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացին։ Վարչապետի խոսքով՝ հայտարարությունը ստորագրած անձինք ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահվում են եկեղեցու բարենորոգման գործընթացի կազմակերպչական գործառույթները։ Խորհրդի կազմը կարող է ընդլայնվել՝ դրա անդամների միաձայն որոշմամբ։
Civilnet











